Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ազատ արձակվեց

Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն Մոսկվայում, 1-ը մարտի, 2015թ․

Նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել։ Գոնչարենկոն արդեն այսօր պատրաստվում է լքել Մոսկվան։

Կիրակի օրը Մոսկվայում Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված ցույցի ժամանակ Ռուսաստանի ոստիկանները բերման են ենթարկել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին ու մի քանի ժամ պահելուց հետո նրան ազատ արձակել։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ նրան որևէ մեղադրանք չի առաջադրվել և, որ Գոնչարենկոն կարող է հեռանալ Ռուսաստանից։ Ուկրաինացի պատգամավորն արդեն այսօր պատրաստվում է լքել Մոսկվան։

Գոնչարենկոն ֆեյսբուքի իր էջու գրել է, որ ցույցի ժամանակ ոչ մի դրոշ կամ պաստառ չի պահել, ոչինչ չի բացականչել և, կարծում է, որ իրեն բերման են ենթարկել իր վերնազգեստի համար. նրա հագուստին տպված էր Նեմցովի նկարը և գրություն՝ «Հերոսները չեն մեռնում»։

Ըստ Ռուսաստանի իրավապահների, ուկրաինացի պատգամավորը բերման է ենթարկվել ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար։ Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Գոնչարենկոյին հարցաքննել են անցած տարվա մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ. նրանից ստորագրություն էին վերցրել դատարան ներկայանալու պարտավորության մասին։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ դա կանխարգելիչ քայլ էր, որովհետև, լինելով արտասահմանցի, նա կարող էր հեռանալ, բայց, ստուգելով բոլոր հանգամանքները, Ռուսաստանի իրավապահները նրան պատասխանատվության ենթարկելու հիմնավորումներ չեն գտել և պատգամավորին ազատ են արձակել։

Գոնչարենկոն Ֆեյսբուքի էջում նաև գրել է, որ բերման ենթարկելիս իրեն հարվածել են, վերցրել անձնագիրը, որն ավելի ուշ վերադարձրել են։

Ազատ արձակվելուց հետո պատգամավորը իսկույն գնացել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատուն։ Դեսպանատանը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բերման ենթարկված այնուհետև ազատ արձակված ուկրաինացի պատգամավորի հետ։