Երկու օր առաջ զինյալների հերթական հրթիռակոծությունից Հալեպում զոհվել է 50-ամյա Հակոբ Գաբրիելյանը: Նա հայկական համայնքի 150-րդ զոհն է արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում։
Հալեպահայ Գրիգոր Զոպյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, թե երբեմնի ամենաազդեցիկ սփյուռքահայ համայնքում նախկին 100.000-ի փոխարեն հիմա 40.000 հայ է մնացել: Մարդիկ այնտեղ, ըստ վաթսունամյա սիրիահայի, վախենում են փողոց դուրս գալ։
Գրիգորն ու կինը Հալեպը չլքած մյուս հայերի նման շարունակում են կյանքը առանց էլեկտրականության, ջրի, սննդի։ Այս պայմաններում փորձում են զինյալների թալանից զերծ պահել ոչ միայն սեփական, այլև հարևանների լքած բնակարանները։ Գրիգորն ասում է, թե եթե կարողանա գոնե վաճառել տունը, ելք կփնտրի Սիրիայից դուրս գալու և գուցե հայրենիք տեղափոխվելու համար:
Թեև Հայաստանում, ինչպես ինքն է նշում, սիրիահայերի կյանքը «բարեկեցիկ չէ»: Նրա խոսքով, Հայաստան արդեն տեղափոխված սիրիահայ ընտանիքներ կան, որոնք չեն կարողանում ապրուստը հոգալ Հայաստանում, և եթե Սիրիայում իրավիճակը հանդարտվի, անպայման վերադառնալու են․ - «Հայաստան թանկ երկիր եղավ, և չեն կընա ապրուստնին հանել»:
Գրիգորը, ինչպես և շատ հալեպահայեր, մնացել է անգործ, գոյատևում է թոշակով։ Հալեպում իրենց աշխատասիրությամբ հայտնի հայերի մեծ մասը գործազուրկ է, աշխատատեղերը փակ են․ կա՛մ վնասվել են պայթյուններից, կա՛մ էլ հայտնվել են հակամարտության գոտում։
Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի լրագրող Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ՝ հալեպահայերից շատերը ստիպվաշ փոխել են աշխատանքի բնույթը․ նախկին ոսկերիչը բանջարեղեն է վաճառում, արհեստավորը մեկ ուրիշի մոտ է աշխատում:
«Նյութական խնդիրներից առավել, սակայն, մարդկանց անհանգստացնում է անվտանգությունը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Զարմիկը՝ հիշատակելով օրեր առաջ հայկական համայնքում արձանագրված մահվան հերթական դեպքն ու մահից հազիվ փրկված երկու վիրավորներին․ - «Մարդիկ շվարած են․․․ Կվախնան դուրս ելնել, բայց ստիպված են․․․»:
Նա համոզված է, որ չնայած շարունակվող պատերազմին, խաղաղության հույսը չի մարում, մարդիկ հավատում են, որ միջազգային ջանքերի շնորհիվ մի օր կհանդարտվի վիճակը․ - «Իսկական ջանք պետք է: Ժողովուրդն էլ համոզված է, որ եթե խաղաղություն պիտի հաստատվի, ամբողջական գործակցություն պիտի ըլլա թե՛ Սիրիո պետության և թե՛ դրացի երկրների մեջ»: