Տեր-Պետրոսյան․ ՀԱԿ-ին ժամանակ է պետք իր մարտավարությունը ճշգրտելու համար

Հայ ազգային կոնգրեսն առնվազն մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չի անցկացնի, այսօր Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Ընդդիմության դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք իր հետագա մարտավարությունը ճշգրտելու և պայքարի քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար», - ասաց նա:

«Բարգավաճ Հայաստանին» և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին ՀԱԿ առաջնորդն իր խոսքում հպանցիկ անդրադարձավ, միայն նշեց, որ կուսակցության նկատմամբ վայրագ հաշվեհարդար է իրականացվել։

«Իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների և հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։ Հուսով եմ, դուք էլ, ձեր հերթին, ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ», - նշեց Տեր-Պետրոսյանը:

Առաջիկայում հանրահավաքներ չանցկացնելու՝ Կոնգրեսի որոշումը, կարծիք հայտնեց Առաջին նախագահը, կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու մասին հայտարարող ընդդիմադիր այլ ուժերի համար ծրագրերն իրականացնելու լավ առիթ է՝ նրանց աստեղային ժամը։ Մարտի 2-ից 16-ին արտոնված հանրահավաքները ՀԱԿ-ը այդ ուժերին է տրամադրում։

«Ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, և շարժվելով դեպի Բաղրամյան 26՝ կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Սա Բեռլինի գրավումից ավելի հանճարեղ պլան է», - սարկազմով հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ ղեկավարը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց գարնան առաջին օրը հռչակել 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր։

«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները պետք է հանդես գան օրենսդրականնախաձեռնությամբ՝ մարտի 1-ը պետական տոների և հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար», - ասաց Տեր-Պետրոսյանն ու առաջարկությունը դրեց քվեարկության։ - «Որոշումն ընդունվեց միաձայն», - գոռացին հանրահավաքի մասնակիցները:

Տեր-Պետրոսյանը կասկած չունի, որ Ազգային ժողովի հանրապետական մեծամասնությունը կտապալի ընդդիմության նաև այս առաջարկությունը, բայց այդ հանգամանքը, ըստ նրա, արդեն նշանակություն չի ունենա՝ ժողովուրդը արդեն իր որոշումը կայացրել է։

«Որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան` բռնապետությունն անհանգստանում, զայրանում և նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։ Հետևաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է` չմոռանալ և գիշեր-ցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները», - ասաց նա:

Առաջին նախագահը հիշեցրեց՝ Մարտի 1-ի մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում տրամադրելու գործընթացները մազաչափ անգամ տեղից չեն շարժվել։

Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք Մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը, ըստ Տեր-Պետրոսյանի, չեն բացահայտվելու․ - «Հայաստանի ավազակապետական իշխանությունները, բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, և թե՛ նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության ընդունած բանաձևերի ու հայտարարությունների վրա։ Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց հայտարարում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակահարել ենք. պետք լինի, էլի կանենք»:

ՀԱԿ առաջնորդն իր ելույթի բավականին ծավալուն հատված նվիրեց իշխանության նախաձեռնած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, այն անհաշվենկատ փաստաթուղթ որակեց, որով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվում է պահանջատիրության հարցը։

«Հռչակագիրը, եթե ոչ անպայման աղետաբեր կլինի մեզ համար, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջացնի արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններում` որոշակի խոչընդոտներ հարուցելով ,մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման գործընթացներում», - ասաց Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ մյուս ներկայացուցիչները նույնպես իրենց ելույթներում անդրադարձան Մարտի 1-ի թեմային։ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ասաց՝ Մարտի 1-ի էջը փակված չէ։ - «Մենք չենք կարող համակերպվել այս ամենի հետ», - հայտարարեց Դեմիրճյանը:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև 2008-ի մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Այս 7 տարիների ընթացքում ի՞նչ է կատարվել․ ոչ մի բան էլ չի կատարվել և չի էլ կատարվելու: Մենք բոլորս մեր հույսերը կտրել ենք, միայն սպասում ենք իշխանափոխություն», - ասաց նա:

Ներքաղաքական վերջին իրադարձություններին անդրադարձավ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, կարծիք հայտնելով, թե իշխանությունը տապալեց ընդդիմության ծրագիրը ԲՀԿ-ի դեմ իրականացված լայնածավալ բռնություններով, բայց, Զուրաբյանի գնահատմամբ, հասունանում է սոցիալական բունտ․ - «Արտաքին միջազգային ֆինանսավորում այլևս չկա, ոչ ոք ֆինանսական գողերին չի ֆինանսավորի: Բնակչությունը սրընթաց աղքատանում է, նվազել է նրա գնողունակությունը, աճում է գործազրկությունը: Սերժ Սարգսյանի օրոք երկրից փախել է արդեն 300,000 մարդ: Մարդիկ ուղղակի չգիտեն՝ ինչպես կերակրեն իրենց երեխաներին»:

Մոտ մեկ ժամ տևած հանրահավաքից հետո ՀԱԿ ներկայացուցիչները, իրենց համախոհների հետ, երթով Մաշտոցի պողոտայից հասան Երևանի քաղաքապետարանին հարող հրապարակ, որտեղ էլ 2008-ի մարտի 1-ի գիշերը տեղի ունեցան 10-ը մարդու կյանք խլած արյունալի դեպքերը։

«Ժառանգության» և «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար անդամներից հանրահավաքի հարթակին կանգնածներ չկային: