Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի մորը

Ռուսաստան -- արխիվ -- 2000թ․ հուլիսի 4-ին արված լուսանկար, որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը (աջից) սեղմում է Պետդումայի Աջակողմյան միություն ֆրակցիայի ղեկավար Բորիս Նեմցովի ձեռքը Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ուրբաթ գիշեր Մոսկվայում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մորը՝ Դինա Էյդմանին, վստահեցնելով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և լկտի սպանության կազմակերպիչներն ու իրականացնողները կրեն արժանի պատիժը»:

«Հարգելի Դինա Յակովլևնա, ընդունեք իմ խորին ցավակցությունը անդառնալի կորստի կապակցությամբ», - ասվում է հեռագրի տեքստում, որը հրապարակված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում:

«Բորիս Նեմցովն իր հետքն է թողել Ռուսաստանի պատմության մեջ, քաղաքականության և հասարակական կյանքում: Մեր երկրի անցումային դժվարին ժամանակահատվածում նրան վիճակվել է աշխատել կարևոր պաշտոններում: Նա միշտ պարզ և անկեղծ հայտնում էր իր դիրքորոշումը, պաշտպանում իր տեսակետը», - նաև նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: