Քաղաքագետ․ Իշխանությունները փորձելու են լրացնել այն բացը, որն առաջացել է ընդդիմադիր դաշտում

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյան, արխիվ

Այսօր իշխանությունները փորձելու են լրացնել այն բացը, որն առաջացել է ընդդիմադիր դաշտում, «Ազատության» հետ զրույցում, գնահատելով ներքաղաքական վերջին զարգացումները, կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Ինչ վերաբերում է կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ապա Մանվել Սարգսյանը վերահաստատում է իր այն պնդումը, թե ԲՀԿ-ն արհեստական ընդդիմություն է։

«Փաստորեն 7 տարի է՝ «Բարգավաճ Հայաստանը» ուղարկվեց ընդդիմադիր դաշտ, դեր էր խաղում, պարալիզացնում էր այստեղ քաղաքական պրոցեսների զարգացումը: Սկզբում մեկուսացրեց ՀԱԿ-ին՝ 2012 թվականի ընտրություններում, 2013-ին նորից ակտիվանալով՝ «Ժառանգությանը» մեկուսացրեց: Այդ դերը անընդհատ պարզ էր, դրա մասին շատ էր խոսվում, բայց երևի ինչ-որ պահից հետո երևի էֆեկտիվ չէր արդեն դա», - ասաց Սարգսյանը:

Իշխանությունները, բնականաբար, փորձելու են այնպես անել, որ իրական ընդդիմություն դաշտում չլինի, ասում է քաղաքագետն ու հավելում, որ, իշխանության այդ վարքագծին, այդուհանդերձ, ընդդիմացողներ կլինեն։

«Ուրիշներն էլ կփորձեն իրենք թույլ չտան, երևում է ընդդիմության մեջ պոլեմիկան դաժան՝ Նիկոլ Փաշինյանի խումբը, ՀԱԿ-ի: Այսինքն՝ ձգտումները պարզ են, բայց հիմա դրանից ինչ դուրս կգա՝ դա պարզ չէ», - ասում է նա:

Հայաստանում մինչև օրս հանրության ճնշմամբ իշխանափոխություն չի եղել, սակայն դա չի նշանակում, որ ապագայում էլ նման բան չի կարող լինել, կարծում է քաղաքագետը։

Հայաստանում ընդդիմություն կա, սակայն այն այսօր նոկդաունի մեջ է ու շատ թույլ․ սա էլ քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքն է: «Ազատության» հետ զրույցում Համբարյանը նշեց, որ չի կիսում այն կարծիքը, թե ԲՀԿ-ն արհեստական ընդդիմություն է։

«Իհարկե, սկզբնական շրջանում ինձ համար զարմանալի էր, երբ իրենք հայտարարում էին, որ իրենք երրորդ ուժ են: Քաղաքականության մեջ երրորդ ուժ չի կարող լինել: Կա՛մ դու պաշտպանում ես իշխանություններին, կա՛մ քննադատում ես, որովհետև դեմ ես այդ իշխանությունների գոյությանը: Ի սկզբանե բոլորն էլ հասկանում են, որ ԲՀԿ-ն դա իշխանությունների կողմից հովանավորվող կուսակցություն է, որը գործում է ընդդիմադիր մի մասսային իր կողմը քաշելու համար»

Սակայն, վերջին շրջանում իրավիճակ էր փոխվել, ասում է Գագիկ Համբարյանն ու պարզաբանում․ - «Կարելի է ասել՝ ջինը շշից դուրս էր եկել, ջինը՝ ես փոխաբերական իմաստով օգտագործում եմ Գագիկ Ծառուկյանի պահով, և Գագիկ Ծառուկյանը փորձեց ինքնուրույն խաղ տանել: Եվ, ինքնըստինքյան, դրա հետևանքը եղավ այն, որ իշխանությունները շատ զայրացան և ցույց տվեցին Գագիկ Ծառուկյանին իր տեղը»:

Առաջիկայում ընդդիմության ակտիվ գործունեություն Համբարյանը չի ակնկալում, ասելով, որ ընդդիմադիրները դեռ պետք է ուշքի գան տեղի ունեցածից։