Երևանում նշվեց Մարտիրոս Սարյանի 135-ամյա հոբելյանը

Գազելներ, Մարտիրոս Սարյան, կտավ, յուղաներկ, 46 x 61

Այսօր լրանում է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 135-ամյա հոբելյանը, որի առիթով նրա ընտանիքի անդամները, արվեստի երկրպագուները, մշակույթի և արվեստի գործիչներ այսօր ծաղիկներ դրեցին նրա արձանին՝ Սարյանի անունը կրող պոուրակում, այնուհետև այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ 1972 թվականից հանգչում է հանճարեղ նկարչի աճյունը:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի խոսքով՝ մինչև տարեվերջ կբացվի Սարյանի հիմնանորոգված թանգարանը, և Հայաստան այցելող բոլոր պատվիրակությունները հնարավորություն կունենան ծանոթանալ մեծանուն նկարչի գործերին:

Իսկ թանգարանի տնօրեն, արվեստաբան, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանն էլ հավելում է, որ մի ամբողջ հարկաբաժին է ավելացվել թանգարանին:

«Մարտիրոս Սարյանը Հայաստանն է ներկայացնում ամբողջ աշխարհում», - ասում է նա:

Լևոն Թոքմաջյանը՝ պուրակում գտնվող Սարյանի արձանի հեղինակը, ասում է, որ ողջ աշխարհն է ճանաչում Հայաստանը այդ հզոր հանճարի միջոցով, որովհետև նրա անունը աշխարհում այնպիսի մեծությունների կողքին է, ինչպիսին են Պիկասոն և 20-րդ դարի մյուս հանճարեղ նկարիչները: