Հարավային Դակոտան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

Այսպիսով, Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 43-ը:

Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների 51 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի «Ասպարեզ» պարբերականը՝ նշելով, որ Ցեղասպանության հարցում արդարության կոչ անող ամերիկյան նահանգների թիվը հասավ 43-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ բանաձևը «արդար վճիռ» կայացնելու կոչ է անում, դատապարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը և հորդորում, որպեսզի հայերի ցեղասպանության մասին դասավանդվի Հարավային Դակոտայի դպրոցներում: Փաստաթղթում նաև հիշատակվում է ասորիների և հույների ցեղասպանությունը:

2015 թվականը Հարավային Դակոտայում հռչակելով «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության սկզբի հարյուրամյակի հիշատակի տարի»՝ բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Կոնգրեսին ու նախագահին «պաշտոնապես և հետևողականորեն ճանաչել ու վերահաստատել պատմական ճշմարտությունը այն մասին, որ Անատոլիայում՝ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերի, հույների և մյուս քրիստոնյաների նկատմամբ իրականացված վայրագությունները Ցեղասպանություն են եղել», և աշխատել արդարացի, կայուն և տևական հայ - թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ: