Դինքի սպանության գործով նախկին բարձրաստիճան ոստիկան է ձերբակալվել

Ռամազան Աքյուրեք, արխիվ

Ռամազան Աքյուրեքը 2003-ի դեկտեմբերից մինչև 2006-ի մայիսը ղեկավարել է Տրապիզոնի նահանգի ոստիկանությունը, 2006-2009-ին՝ Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզությունը:

«Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հինգշաբթի օրը ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը: Այս մասին հաղորդեց «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ռամազան Աքյուրեքը Դինքի սպանության գործով ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է մինչ օրս՝ թեպետև նախկին: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մինչև 25 տարի ազատազրկում է սպառնում:

Աքյուրեքը 2003-ի դեկտեմբերից մինչև 2006-ի մայիսը Տրապիզոնի նահանգի ոստիկանության ղեկավարն էր, այնուհետև երեք տարի՝ 2006-2009 թվականներին ղեկավարում էր Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզությունը: Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարին:

Նշենք, որ Դինքի սպանության գործով չփարատված կասկածներ կան, թե արդյոք Թուրքիայի ոստիկանությունը, պաշտոնյաները առնչություն ունեն այդ սպանությանը: Սպանությունը իրականացնողի և կազմակերպչի դատավարություններից հետո այս ուղղությամբ հետաքննությունը չշարունակվեց: Դատարանները գտան, որ պաշտոնյաների՝ սպանությանը առնչություն ունենալու կասկածները անհիմն են: Սակայն անցյալ տարի գործը վերաբացվեց: Չնայած այն սառեցնելու Ստամբուլի դատախազության փորձերին՝ տարեվերջին սկսվեցին Դինքի սպանությունից առաջ բարձր պաշտոններ զբաղեցրած ոստիկանների և պաշտոնյաների հարցաքննություններ:

Ռամազան Աքյուրեքը ինը բարձրաստիճան ոստիկաններից մեկն է, որոնք հարցաքննվել են վերաբացված գործով: Նրանք կասկածվում են սպանության սպառնալիքները անտեսելու մեջ․ ինֆորմացիա են ունեցել, սակայն հանցավոր անգործություն են ցուցաբերել և ոչինչ չեն արել՝ կանխելու դիտավորյալ սպանությունը:

Ոստիկանության գաղտնի գործակալ Էրհան Թունջելը դեռ երկու տարի առաջ հարցաքննության ժամանակ պնդել էր, որ ինքը Աքյուրեքին տեղեկացրել էր Դինքին սպանելու ծրագրերի մասին, բայց վերջինս անտեսել է այդ ինֆորմացիան:

Թուրքական լրատվամիջոցները, Associated Press-ը, France Press-ը, հաղորդելով այս նոր զարգացման մասին, միաժամանակ նշում են, որ Ռամազան Աքյուրեքը հարյուրավոր այլ ոստիկանների հետ պաշտոնանկ է արվել 2013-ի վերջին, երբ Թուրքիայի իշխանությունները կոռուպցիոն գործերը բացահայտած ոստիկանների դեմ հակագրոհի անցան: Բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալություններ, պաշտոնանկություններ եղան այն պաշտոնյաների թվում, ովքեր կասկածվում էին Ռեջեփ Էրդողանի քաղաքական հակառակորդ, Միացյալ Նահանգներում բնակվող կրոնական գործիչ Ֆեթհուլլա Գյուլենի ղեկավարած «Հիզմեթ» շարժման հետ կապ ունենալու մեջ: