Ընդդիմադիրները դժգոհ են Հանրային հեռուստատեսությունից

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի (ՀԱԿ) կարծիքով, Հանրային հեռուստատեսությունը պետք է վերանվանել Հանրապետականի հեռուստատեսության:

Խորհրդարանում 2013 թվականի գործունեությունը ներկայացնող Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գագիկ Բունիաթյանի հետ հարցուպատասխանի ժամանակ Մանուկյանը հետաքրքրվեց․ - «2013 և 2014 թվականներին գեթ մի դեպք կա՞, որ, ասենք Հայ ազգային կոնգրեսի պատգամավորը եղել է եթերում»:

«Չեմ կարող հստակ պատասխանել, բայց վստահ եմ, որ դուք պետք է եթերում ներկայացված լինեիք ինչ-որ կերպ», - արձագանքեց Գագիկ Բունիաթյանը:

Հավատացնելով, որ որևէ հրավեր այդ երկու տարիների ընթացքում չի եղել՝ Մանուկյանն ասաց․ - «Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, արդեն հետ է պետք պտտել: Ոչ թե հանրային հեռուստատեսություն է մեր հեռուստատեսությունը, այլ ընդամենը Հանրապետականի հեռուստատեսություն»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ են յոթ անալոգային հաճախականություններից թվայնացվել միայն երեքը` հնարավորություն ստեղծելով ընդամենը 18 թվային հեռուստաալիքների հեռարձակման համար: Այդ հաճախականությունների համար հայտարարված մրցույթը, ըստ Զուրաբյանի, դարձել է անցանկալիներին եթեր չտալու քաղաքական գործիք:

Պատգամավորը հարցրեց՝ ի՞նչն է խանգարում թվայնացնել նաև 4-րդ անալոգային հաճախականությունը, որը ևս վեց ալիքի հնարավորություն կստեղծի և Հայաստանում կլուծի բազմակարծության հարցը:

Զուրաբյանը շարունակեց․ - «Հանրապետական կուսակցությունը էսօր մոտավորապես իր հետ ասոցիացվում է մի տասնհինգ կանալ, ԲՀԿ-ն ունի մեկ կանալ, ՕԵԿ-ը ունի մեկ կանալ, Դաշնակցությունը ունի մեկ կանալ: Չհասկացանք, մենակ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությո՞ւնն» են, որ էս պատկերից պետք է դուրս մնան: Մենք էլ ենք ցանկանում ազատ հասանելի լինենք մեր հանրությանը և ոչ թե ստիպված լինենք, ասենք, հանրահավաքներով մեր ճշմարտությունը հասցնենք մեր ժողովրդին»:

Զուրաբյանը շարունակեց, թե մարտի 1-ի հանրահավաքի մասին ցանկանում են իրազեկել հասարակությանը, սակայն հնարավորություն չունեն: Գագիկ Բունիաթյանն արձագանքեց․ - «Մենք մեր իրավասությունների սահմաններում պատրաստ ենք աշխատել»:

Այդ հարցում օգնելու պատրաստակամություն հայտնեց նաև խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը․ - «Ես հասկացա, որ այդ հանրահավաքի կազմակերպչական հարցերով պիտի օգնենք: Ես էլ պիտի օգնեմ: Տպավորությունս էն է, որ բոլոր հեռուստաընկերությունների ռեյտինգը բարձրացնելու համար քավության նոխազ են դարձրել քաղաքական մեծամասնությանը: Այնպես որ, ընդդիմությունն էստեղ թող չտրտնջա»:

Եթերի բամազանությանն անդրադարձավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ բարձրացնելով փակման եզրին կանգնած մարզային հեռուտաընկերությունների հարցը: Թվայնացման հետևանքով հուլիսի 1-ից 14 մարզային հեռուստաընկերություններ այլևս գործի: Բացի այն, որ հեռուստաընկերությունների աշխատակիցնեը գործազուրկ կդառնան, մարզային եթերը այլընտրանքային հեռուստաալիքներից կզրկվի: «Հնարավոր չէ՞ երկարաձգել լիցենզիաների ժամկետը», - հարցրեց պատգամավորը:

Գագիկ Բունիաթյանն արձագանքեց, թե 2010 թվականից են մրցույթներ հայտարարվել, հեռուստաընկերություններն իրենք են մեղավոր․ չեն դիմել: Հիմա էլ թող ինտերնետ հեռարձակման անցնեն:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հեռուստաընկերությունների գործունեության մեջ առնվազն մեկ ակնհայտ խախտմանը․ դրանց մեծ մասը ֆիլմեր են հեռարձակում ռուսերենով, իսկ օրենքը սահմանում է, որ եթերը պետք է լինի հայերեն: Բացառություն են միայն ազգային փոքրամասնությունների համար ծրագրերը:

«Բայեվիկ ֆիլմը ինչո՞վ ա անդրադառնում ազգային փոքրամասնություններին: Կա՞մ մելոդրաման: Ինքը ընդամենը ֆիմլ ա, ուղղակի չի թարգմանվել հայերեն ֆինանսների ինչ-ինչ պատճառով: Բայց բոլոր օրենքներն էլ, եթե տենց մեկնաբանենք, ֆինանսների բացակայության պատճառով կարան չթարգմանվեն»:

Բունիաթյանի պատասխանը․ - «Ես չեմ մեկնաբանում: Ես ասում եմ իրավիճակը: Օրենքի խախտում չկա՝ մեկ: Երկրորդն էլ՝ ցանկությունը կա․ նմանատիպ փորձեր առաջատար հեռուստաընկերությունները արել են և անում են: Բայց ապահովել այդ ամբողջը այսօր շատ դժվար է»: