Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «բոլոր բացակայություններն անհարգելի են»

Your browser doesn’t support HTML5

Պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «բոլոր բացակայություններն անհարգելի են»

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայություններն անհարգելի են:

Բայց օրենքի տառը պահպանելուց զատ, Գալուստ Սահակյանը ցանկություններ ունի․ - «Շատերի ցանկությունը նա է, որ չզրկվի [պատգամավորական մանդատից]: Այսինքն իմ ցանկությունն էլ էդ ա, որովհետև ես չեմ ուզում նախադեպ ստեղծեմ․․․ Քաղաքական ձևով եմ մտածում: Բայց իրավական տեսակետից, բնականաբար, բոլոր բացակայությունները անհարգելի են»:

Համառ լուրերի համաձայն, «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արտահերթ համագումարի օրը՝ մարտի 5-ին, հրաժարվելու է կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ պահպանելու համար պատգամավորական մանդատը:

Գալուստ Սահակյանը կարծում է, որ Ծառուկյանը պետք է կողմորոշվի՝ զբաղվել բիզնեսո՞վ, թե՞ քաղաքականությամբ․ - «Իմ կարծիքով, նույնքան անհրաժեշտ է, և ավելին է այսօր Հայաստանի համար բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը»:

Հարցին, թե ով է ավելի լավ քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Առաքել Մովսիսյանը, Սահակյանն արձագանքեց․ - «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական: Այն առումով, որ դեռևս մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա հաղթանակի արյան բծեր կան, և Գագիկ Ծառուկյանին էլ կարելի խրախուսել, որ բավականին լուրջ հաջողությունների բերեց Հայաստանի տնտեսական պրոցեսները»:

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախագահը կարծում է, որ իր կուսակիցների շարքում չկան գործարար քաղաքական գործիչներ: Քաղաքականությամբ, ըստ նրա, շատերը կարող են զբաղվել, բայց քաղաքական գործիչ համարվելու համար «պետք է կտտանքներ ունեցած լինես, փորձությունների ճանապարհով անցած լինես»:

Սահակյանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանն իսկապես բիզնեսմեն չէ․ - «Եթե հրաշքով կարողանաք ապացուցելի դա դարձնել․․․ Առավոտյան գալիս է տուն, մինչև կեսգիշեր աշխատանքի տեղում է: Բիզնեսով չի զբաղվում»:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները մինչև մարտի 5-ին նշանակված համագումարը չեն ցանկանում բացահայտել ո՛չ իրենց, ո՛չ էլ Ծառուկյանի ծրագրերը:

Հանրապետական Գագիկ Մելիքյանը, այնուամենայնիվ, կգնահատի Գագիկ Ծառուկյանի քայլը՝ եթե վերջինս հեռանա քաղաքականությունից: Մելիքյանի խոսքով՝ այդ մասով Սերժ Սարգսյանի ելույթը Գագիկ Ծառուկյանի համար հասկանալի է եղել․ - «Ես տեսնում եմ համարժեք քայլեր, համապատասխան քայլեր»:

«Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու: Ես կարծում եմ, նա կմնա կուսակցությունում, կլինի նոր նախագահ: Եթե հիշում եք, նման իրավիճակներ «Ժառանգություն» կուսակցության հետ հաճախ են տեղի ունենում․ ժամանակ առ ժամանակ նոր նախագահներ են նշանակվում, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես տեսնում եք, միշտ կա ու կա», - ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ժառանության» ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, իշխանությունը ջանում է թաքցնել, որ սա երկու անձերի կռիվ է․ - «Եթե Հանրապետականը դիտում է, որ հաղթել է, ցավոք սրտի, իրենց այդ կուշտ դեմքերը որ տեսնում եմ՝ քաղաքական կշտությամբ, իրենք չենք գիտակցում, որ դա պյուռոսյան հաղթանակ է: Պետությունը պարտվեց: Ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվեց Հայաստանում, ովքեր որ միջազգային կառույցների հետ գործ ունեն, վաղը մեր դեմքին խփելու են՝ թե այս ինչ է կատարվում Հայաստանում: Որովհետև սրանք ժողովրդավարական գործընթացներ չեն»:

Հանրապետականը շարունակում է պնդել, թե ընդդիմությունը պետք է համագործակցի իշխանության հետ: Ռուբիկ Հակոբյանն էլ «առողջ համագործակցության» կողմնակից է՝ եթե հայտարարված խաղի կանոնները նաև Հանրապետականին վերաբերեն․ - «Նույն [Հանրապետականի] գործադիր մարմնի նիստին պիտի անդրադառնամ, Սերժ Սարգսյանի ելույթին: Շատ նորմալ ձևակերպում է, երբ ասում է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Եվ եթե այդ նույն պահին ասեր՝ այ, դուք, Կառավարության հարգելի ներկայացուցիչներ, դուք լավ բիզնեսմեններ եք, լավ մարդիկ եք: Բայց որովհետև քաղաքականությանը հակացուցված է, որ Կառավարության անդամը նաև բիզնես ոլորտում լինի և առաջնային դեր ունենա, պետք է խնդրեմ, որ դուք Կառավարությունից դուրս գաք: Այդ դեպքում ես համագործակցության լուրջ կարումջ եմ տեսնում․․․ Այդ ո՞ր ընդդիմությունը պետք է պայքարի դրա դեմ, որ՝ ո՛չ, Ձեր խոսքը պետք է չիրականանա: Ընդհակառակը, ընդդիմությունը, կարծում եմ, եթե իսկապես ընդդիմություն է, ինքնանպատակ չէ, պետք է ողջունի: Ես, օրինակ, կողջունեի»: