Չնայած ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած մտահոգություններին՝ Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց գերխոշոր արտահանողներին հարկային արտոնություններ տվող օրինագծի քննարկումն արագացված կարգով անցկացնելուն:
Դա նշանակում է, որ փետրվարի 23-ին առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ու քվեարկություն պիտի դրվի 48 ժամվա ընթացքում:
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն մտցնել «Շահութահարկի մասին» օրենքում և 50 մլրդ դրամից ավելի չափով արտահանողներից գանձել ոչ թե 20, այլ 2 տոկոս շահութահարկ: Արտոնությունները, ըստ օրինագծի, չեն տարածվում հանքարդյունաբերության և ակցիզային ապրանքներ արտահանողների վրա:
«Մենք սա դիտարկում ենք որպես այս անգամ արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված քայլ, ևս մեկ խայտառակ քայլ, որը ապահովելու է գերշահույթներ իշխանավորների համար և նորից խեղդելու է բոլոր հնարավորությունները փոքր և միջին բիզնեսի համար», - ասաց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նշեց, թե Հայաստանում չկան 50 մլրդ դրամի չափով արտահանողներ ու հարց հնչեցրեց՝ ո՞ւմ համար են այս արտոնությունները․ - «Ակնհայտ է, որ այդպիսի գումար ունեցողները Հայաստանի Հանրապետությունից դուրս են, և պետք է այդ գումարները ներդնեն այստեղ և ստանան այդ արտոնությունը, և այդ արտոնությունից չօգտվեն հարյուր հազարավոր մեր այն քաղաքացիները, որոնք որոշակի քանակով զբաղվում են արտահանմամբ»:
Արամ Մանուկյանը (ՀԱԿ) նկատեց, թե կարևոր այս օրինագծի հարցում շտապողականությունն անընդունելի է․ - «Եթե դահլիճում բոլոր քաղաքական ուժերը ասում են՝ այդ թըփ-շըփը վնասում է, և չկա այն անհրաժեշտությունը, որ հենց այսօր այդ որոշումը պետք է կայացնենք, ինչո՞ւ համար չեք կայացնում այդ որոշումը»:
Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ) հակադարձեց, որ եթե չշտապեն, օրինագիծը ուժի մեջ կարող է մտնել լավագույն դեպքում հունիսին, երբ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սեզոնն արդեն կիսված կլինի․ - «Որպեսզի մեր հատկապես վաղ շրջանի գյուղատնտեսական ապրանքատեսակները կարողանան արտահանվել: Ուրիշ թըփ-շըփի բան չկա»:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ Հրանտ Բագրատյանն ասաց՝ արտահանողներին արտոնություններ տալուն դեմ չեն, սակայն դրանցից օգտնելու հանրավորություն պետք է ունենան բոլորը:
«Ես ուզում եմ հանրապետական մեծամասնությանը հիշեցնել․ մտնում էինք, ԵՏՄ քվեարկում էիք, ասում էիք՝ լավ կլինի: Մենք հունվարին արդեն ունենք 38 տոկոս արտահանման անկում, բայց Ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կամ Ձեզ, կամ տնտեսագիտությունը», - ասաց տնտեսագետը:
Առաջին ընթերցումից հետո կառավարությունը համաձայնել է իջեցնել սահմանված շեմը՝ 50 միլիարդից 40 միլիարդի, արտոնյալ շահութահարկի տոկոսը այս դեպքում կկազմի ոչ թե 2, այլ 5 տոկոս։
Տնտեսական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն փոփոխությունները էական չի համարում: Եթե այս օրենքն ընդունվի, ըստ պատգամավորի կստեղծվի մի իրավիճակ, երբ դրսից կարող են գալ, Երևանում մի գրասենյակ հիմնել և իրենց ձեռքում մոնոպոլիզացնել ողջ արտահանումը:
«Եվ այդ թիվը ֆիքսելով ուղղակի մյուսները հնարավորություն չեն ունենա այդ արտահանման օրենքից օգտվելու: Վստահ եմ ես, որ սա կոնկրետ անձանց համար է արվում, որովհետև նման օրենքները միայն մատից հոտ քաշելով չեն բերում Ազգային Ժողով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոքոբելյանը:
Հանրապետական խմբակցությունից Գարեգին Նուշիկյանի կարծիքով փոփոխությունները արվում են արտահանումը խթանելու համար, կոնկերտ անձերի խնդիր չկա, և եթե անգամ իրականանա ընդդիմադիր պատգամավորների մատնանշած սցենարը ու ամեն ինչ կենտրոնանա մեկ կազմակերպության ձեռքում, սարսափելի ոչինչ չկա:
Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը թեև կարծում է, որ օրինագիծը քննարկումների արդյունքում զգալի բարելավվել է, սակայն որոշ մտահոգություններ, այնուամենայնիվ, մնում են:
«Հնարավոր են վիճակներ, դեպքեր, երբ Հայաստանից կարող են արտահանվել ապրանքներ, որոնք մեր երկրում ունեն էական նշանակություն և առաջին անհրաժեշտության կամ դրան հարակից ապրանքներ են և որոնց արտահանումը կարող է բերել Հայաստանում կտրուկ գնաճի: Սա իր բացասական հետևանքը կարող է թողնել ր էդ տեսակետից նախընտրելի է, որ եթե անգամ օրենքով չենք սահմանափակում դա, գոնե կառավարությունը ունենա էդ հնարավորությունը, որ դրան համապատասխան հավանության արժանացնի նման նախագիծը», - հայտարարեց Մինասյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի վաղը: