Մամեդյարով․ Միջնորդներն առաջարկում են աշխատանքային խմբեր ստեղծել

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության ժամանակ առաջարկել են ղարաբաղյան խնդիրը կարգավորելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսին:

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, թե իրենք պահանջում են, որ բանակցություններում առաջին հերթին խոսքը վերաբերի «օկուպացված» տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը:

«Առաջին հերթին Հայաստանը պետք է զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից: Այդ պատճառով մենք պահանջում ենք համանախագահներից, որպեսզի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վերաբերյալ բանակցություններում խոսքը նախևառաջ վերաբերի Հայաստանի զորքերի դուրսբերմանը», - ասել է Մամեդյարովը:

APA գործակալության փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում: Մամեդյարովը վստահություն է հայտնել, թե «հայերը չեն կարող երկար պատանդ պահել երկու ադրբեջանցիներին, և վաղ թե ուշ նրանք վերադարձվելու են»: