Շարմազանով. 2015-ից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ

Լուսանկարը՝ Ազգային ժողովի լրատվականի

2015 թվականից սկսվում է ցեղասպանությունների դատապարտման նոր փուլ, այսօր ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում եզդիական համայնքի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը մեկ անգամ ևս դատապարտել է Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ամիսներ առաջ իրականացված զանգվածային բռնությունները՝ նշելով, որ այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել և տեղի ունեցած բռնությունները դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Քննարկման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Ազգային ժողովում առաջիկայում կազմակերպել լուսանկարների ցուցադրություն, որը կներկայացնի Հյուսիսային Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, բացի այդ՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի եզդիների նկատմամբ տարբեր ժամանակներում իրականացված բռնությունների և պատմական փաստերի ուսումնասիրությամբ: