Լոս Անջելեսը չեղարկեց 845 հազար դոլարի պայմանագիրը Թուրքիայի վարձու լոբբիստական ընկերության հետ

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական վարձու ընկերություններից մեկի՝ «Գեփհարդ գրուպի» հետ:

Զարմանելիորեն, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիք Գեփհարդը Կոնգրեսում իր երկարատև գործունեության ընթացքում պայքարել է ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման: Սակայն պաշտոնաթողությունից շատ չանցած, նա դարձավ հայկական հարցերի մոլի հակառակորդ՝ փող աշխատելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտումներից: ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են, որ «Գեփհարդ գրուպին» վճարվել է տարեկան 1.4 միլիոն դոլար՝ Թուրքիայի շահերը Վաշինգտոնում առաջ մղելու համար:

Ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ Արդարադատության նախարարություն «Գեփհարդ գրուպի» ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գեփհարդը և նրա գործընկերներն անցյալ տարի հանդիպումներ են ունեցել Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամների հետ՝ աշխատանքներ տանելով ընդդեմ. 1) Կոնգրեսի բանաձևերի՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, և 2) բացահայտումների, որ Թուրքիան աջակցել է իսլամական ջիհադականներին՝ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք նրանց ներխուժման ժամանակ:

Ավելի նողկալի է, որ Արդարադատության նախարարության փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես 2014 թվականի ապրիլի 24-ի հենց նախօրեին Գեփհարդի գործընկեր Ջանիս Օ՛Քոնելը կապ է հաստատել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Բրայան ՄըքՔեոնի և պետքարտուղարի օրենսդրական հարցերով տեղակալի օգնական Չադ Քրեյքեմիերի հետ, որպեսզի ձևափոխի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի ամենամյա հայտարարությունը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խեղաթյուրված և կեղծավոր ներողությունից հետո, որ նա հայտնել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բոլոր զոհերի համար:

Արդարադատության նախարարության փաստաթղթերը նաև բացահայտում են, որ Գեփհարդը և Օ՛Քոնելը 2014թ. մարտի 3-ին «Թուրքական ավիաուղիներով» մեկնել են Ստամբուլ և Անկարա՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդականի հետ հանդիպելու նպատակով: Գեփհարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:

Անցյալ ամիս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը (Արևելյան և Արևմտյան ԱՄՆ) ավելի քան 200 նամակ են ուղարկել «Գեփհարդ գրուպի» և Թուրքիայի համար աշխատող չորս այլ լոբբիստական ընկերությունների՝ «Դիկշտայն շապիրո» ՍՊԸ-ի, «Գրինբերգ թրորիգ», «Ալփայթակ» և «Միջազգային ԼԲ» հաճախորդ հանդիսացող գործարարներին, համալսարաններին և հասարակական կազմակերպություններին: Նման մի նամակով նրանք խնդրել են «Յունայթեդ էյրլայնսից» պահանջել լոբբիստական ընկերությունից դադարեցնել իր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ, հակառակ դեպքում ավիաընկերությունը պետք է խզի իր պայմանագիրը լոբբիստական ընկերության հետ: Եթե մինչև փետրվարի 28-ը ոչ մի գործողություն չձեռնակվի՝ ամերիկահայերը պետք է բողոքի ակցիա անցկացնեն ինչպես լոբբիստական ընկերության, այնպես էլ «Յունայթեդ էյրլայնսի» դեմ:

Թուրքիայի լոբբիստական ընկերություններին հակազդելու ջանքերը տվեցին իրենց առաջին պտուղները: Փետրվարի 23-ին Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ Լոս Անջելեսի «Միջազգային օդանավակայանները» [LAWA], որն ամբողջությամբ պատկանում է Լոս Անջելես քաղաքին, որոշել է խզել իր 845 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը «Գեփհարդ գրուպի» հետ, այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել քաղաքապետ Էրիկ Գարսեթիին՝ «վերջ դնել Լոս Անջելես քաղաքի և Դիք Գեփհարդի միջև եղած բոլոր կապերին»:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունեց «LAWA-ի և Լոս Անջելես քաղաքի պաշտոնատար անձանց՝ ընդդեմ ցեղասպանության ժխտողականության զրոյական հադուրժողականության քաղաքականություն ցուցաբերելու սկզբունքային դիրքորոշման համար: LAWA-ի որոշումն արտացոլում է ճիշտ կառավարման ամենաբարձր չափանիշները և ավելի է ամրապնդում Լոս Անջելեսի՝ պետական և միջազգային առաջնորդ հպարտ դիրքորոշումը ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ Գեփհարդն արժանի չէ Լոս Անջելեսի բնակիչների անգամ մեկ դոլարին և չպետք է որևէ կապ ունենա մեր քաղաքի հետ»:

Ըստ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ձեռք բերած փաստաթղթերի՝ «Գեփհարդ գրուպ» ընկերությունը «845 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ունեցել LAWA-ի հետ, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2012թ. Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի պաշտոնավարության ժամանակ: LAWA-ի հետ պայմանագրի հաստատումից հետո, «Գեփհարդ գրուպը» ստանում էր ամսական ավելի քան 23 հազար դոլար վարձատրություն իր աշխատանքի դիմաց օդանավակայանի համար, միաժամանակ ներկայացնելով Թուրքիայի կառավարության շահերն ընդդեմ ամերիկահայ համայնքի շահերի»:

Այս առաջին խոշոր հաղթանակից հետո ամերիկահայերը պետք է շարունակեն կոչ անել մնացած 200 ընկերություններին՝ «Գեփհարդ գրուպի» և Թուրքիայի կողմից վարձու այլ լոբբիստական ընկերությունների հաճախորդներին՝ խզել իրենց պայմանագրերը, քանի որ ցեղասպանության ժխտողներին վարձելը թե՛ անբարոյական է, թե՛ վատ բիզնեսի որոշում...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի