Ռուբիկ Հակոբյան․ «Այս թվացվալ լռության մեջ մեծ ճիչ կա»

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց, որ եռյակում Սերժ Սարգսյանի հետ առանձին-առանձին չհանդիպելու պայմանավորվածություն է եղել:

Հակոբյանն ասաց, որ մինչև հիմա Ծառուկյանից լուր չունեն, չգիտեն, թե ինչու խախտեց պայմանավորվածությունը:

Հակոբյանը, սակայն, ասաց, թե ուզում է գաղտնիք բացել․ - «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս քաղաքական գործընթացները, որ ծավալվել են նաև երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, այդ հանդիպմանը պետք է մասնակցեն հենց այդ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ես չգիտեմ ինչու դա տեղի չունեցավ: Գուցե հնարավորություն չի՞ ունեցել նաև մեզ տեղեկացնելու: Որովհետև ես գոնե հետևանքների առումով կարող եմ դատել, որ բռնություններ են իրականացվել»:

Ռուբիկ Հակոբյանը չի կարծում, թե իշխանությունը արյունահեղություն կաներ․ 2008-ից հետո որևէ իշխանություն իրեն թույլ չէր տա Մարտի 1-ի կրկնություն:

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝ Ծառուկյանի վրա ընդամենը հոգեբանական գրոհ է եղել․ - «Քաղաքական մեծամասնությունը այդպես էլ չգիտակցեց, որ ցուցմունք տվեց: Ցուցմունքը հետևյալն է․ մենք արյունահեղություն ենք անելու՝ եթե դուք հավաքվեք Ազատության հրապարակում: Հասկանալի է, որ ընդդիմությունը չէ, որ զենքով կգար Ազատության հրապարակ: Ես վստահ եմ, որ դա հոգեբանական գրոհ էր: Ուղղակի նրանք չգիտակցեցին, որ իրենց ասում են՝ մենք արյուն կհեղենք: Բայց ես կարծում եմ, դա ավելի շատ ընդամենը հոգեբանական գրոհ էր, որովհետև չեմ կարծում, որ իշխանությունը արյունահեղություն կաներ»:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն, հավատացնում է, թե Հանրապետականը որևէ մեկին արյունահեղությամբ չի սպառնացել՝ պահանջելով փաստեր․ - «Տենց բաներ չի եղել, որևէ մեկը չի լսել տենց խոսքեր․․․ Հանրապետականը երբևէ որևէ արյունահեղության կամ նման այլ տերմին կամ տերմինաբանություն չի օգտագործել»:

Հիշեցնեմ, համաժողովրդական հանրահավաքը չեղյալ հայտարարած ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը տարածած հայտարարության տեքստում, մասնավորապես, նկատել էր․ - «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնելողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:

Ընդդիմությանն ու իշխանությանը հեռանալու կոչ անող անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեռ վաղ է համարում գնահատել ԲՀԿ-ի շուրջ ընթացող գործընթացները:

«Արյունահեղությամբ սպառնալիքի մասին ես որևէ փաստ չունեմ: Սա մեկ: Եվ այդ փաստի մասին ոչ ոք այսօր չի խոսում: Սա երկու: Եվ երրորդը, ես կարծում եմ, որ այսօր բավականին քաղաքացիական ազատություններ կան Հայաստանում, և ամեն ինչ համեմատության մեջ է: Եվ ես կարծում եմ, որ եթե նորմալ մարդիկ սկսեն զբաղվել քաղաքականությամբ, և ոչ թե նորմալ մարդկանց քֆրտեն-հանեն քաղաքական դաշտից, ապա, այո, այսօրվա եղած իշխանության օրոք էլ հնարավոր է ձևավորել նորմալ քաղաքական ուժեր»:

Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ քաղաքական դաշտը մաքրելը մեկ օրվա գործ չէ, ուստի Սերժ Սարգսյանի հայտարարած «քաղաքական դաշտը քաղաքական գործիչներին թողնելու» գործընթացը ավարտված չէ:

Հարցին, թե գործարարությամբ զբաղվող քանի Հանրապետական է դուրս եկել կուսակցությունից և խմբակցությունից, Նաղդալյանը արձագանքեց, թե նրանք օրենք չեն խախտում, նրանց փաստաթղթերը կարգին են, բիզնեսները՝ հավատարմագրային կառավարման հանձնված:

Հանրապետականին, մինչդեռ, շարունակում է անհանգստացնել Ազգային ժողովի փոխնախագահի ձևակերպմամբ՝ ընդդիմադիր բևեռի վիճակը․ - «Լավ, ինչ-որ արժեքավոր բան ծնվում է հանունից, ընդդեմից որևէ բան չի կարող ծնվել և առաջանալ: Կարծում եմ, որ այսօր ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը սրանում է»:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը չի թաքցնում՝ այս պահին ընդդիմությունը միասնական ծրագրեր չունի, քայլերը վերաձևակերպելու խնդիր ունի: Բայց գործընթացը, կարծում է ընդդիմադիր միասնական հարթակի կողմնակից Հակոբյանը, շատ երկար չի տևի․ - «Շոկային վիճակ կա այսօր ընդդիմության դաշտում: Այս թվացվալ լռության մեջ մեծ ճիչ կա, մեծ աղմուկ կա: Սա կայունություն չի: Եվ շատ արագ, ես վստահ եմ, որ նորից քաղաքական դաշտը իր ասելիքը կասի, հատկապես ընդդիմադիր դաշտը: Երբ ասում եմ ընդդիմադիր դաշտ, նախ և առաջ ժողովրդին նկատի ունեմ»: