Փաշինյան. Այսօր տեղի է ունենում քաղաքական դաշտի բաժանման պրոցես

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 23-ը փետրվարի, 2015թ.

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Հայաստանում չի լինի իշխանափոխություն, քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն։

Իշխանափոխություն պահանջող ուժերն արդեն երկրորդ անգամ չեն միանում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացին։

Դեռևս նախորդ տարի շրջանառության մեջ դրված փաստաթղթում Փաշինյանը իմպիչմենտը հիմնավորող 9 դրվագ էր նշել՝ «Մարտի 1»-ի գործով Փաստահավաք խումբը ցրելուց մինչև Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելը։ Վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո նախագիծը համալրվեց ևս մեկ կետով։ Փաշինյանի համոզմամբ՝ իմպիչմենտի հիմքերի ցանկը կարելի է երկար շարունակել։

«Ազգային ժողովում ասում էին, որ 2011 թվականի նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը, այդ հանրահավաքին ես էլ եմ ներկա եղել, հրապարակել է հռչակագիր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին, և ինձ մեղադրում են, որ այդ հռչակագիրը ես անտեսել եմ և փաստաթղթում չեմ ներառել այդ հզորագույն փաստարկները։ Այդ հռչակագիրը երկու էջից է բաղկացած, և այդ հռչակագրի 6-րդ կետում որպես Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմք նշվում է փորձագետների Փաստահավաք խմբի ապօրինի լուծարումը։ Մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ներկայացրած փաստաթղթի առաջին կետով հենց Փաստահավաք խմբի լուծարման փաստն է դրված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «քաղաքական հետապնդումները, մարտի 1-ի սպանությունները դրված են այդ փաստաթղթում»։

«Մեր ներկայացրած փաստաթուղթը տասը կետ ունի։ Եթե այդ կետերից գոնե մեկը հիմնավոր է, այն մյուսները անհիմն են, կարելի է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անել, օրենքն է դա ասում, և այս պայմաններում, ներողություն եմ խնդրում, այդ քաղաքական կրուտիտները արդեն իսկապես որևէ մեկնաբանության կարիք չունեն», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան առճակատմանը, պատգամավորը կարծիք հայտնեց, որ ի սկզբանե տեղի է ունենում քաղաքական դաշտի բաժանման պրոցես։

«Այն պրոցեսը, որ այսօր տեղի էր ունենում, դա այսօրվա մասին չէր, դա 2017-2018 թվականների իշխանությունը կիսելու, բաժանելու մասին էր, և տեղի ունեցավ հենց դա, որ Սերժ Սարգսյանը որոշեց, որ այդ հարցերը ոչ թե թողնի հասնեն 2017-2018 թվական, այլ լուծի այսօր», - ասաց Փաշինյանը։

Պատգամավորի կարծիքով, իշխանափոխության շուրջ ընթացող 20 տարվա խոսակցություններից կարելի է հետևություն անել, որ Հայաստանում չի լինի իշխանափոխություն, քանի դեռ չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն։

«Պրոբլեմ չի Ազատության հրապարակը մարդկանցով լցնելը, պրոբլեմն այդ մարդկանց հուսահատված և կոտրված տուն չուղարկելն է։ Եվ մենք չենք կարող մարդկանց խաբել մի քանի տպավորիչ հանրահավաքի համար, մի քանի ծափահարությունների կամ վանկարկումների համար մարդկանց բերել՝ իմանալով, որ մենք չունենք այն գործիքը, որով պետք է իրականացնենք այդ պրոցեսը։ Մենք չենք ուզում մարդկանց գարուն, աշուն, ձմեռ իշխանափոխություն խոստանալ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։