Ապօրինի ներգաղթյալների շուրջ հանրապետականների ու դեմոկրատների վեճը շարունակվում է

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծրագրերը ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ լուրջ դիմադրության են արժանացել Կոնգրեսի հանրապետական մեծամասնության կողմից: Այս անհամաձայնությունը, սակայն, պետք է վերջնականապես կարգավորվի այս շաբաթ, երբ լրանում է ներքին անվտանգության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ որոշում կայացնելու վերջնաժամկետը:

Ահաբեկչական խմբերի կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիների դեմ ուղղված սպառնալիքները կրկին ապացուցում են ներքին անվտանգության ծրագրերի անընդմեջ ֆինանսավորման անհրաժեշտությունը, ասում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը:

«Ազգային անվտանգության ծառայությանը հրատապ անհրաժեշտ է հաստատված բյուջե, քանի որ մեր ընթացիկ բյուջեն լրանալու է այս շաբաթ», - ասում է Ջոնսոնը:

Իրականում Ազգային անվտանգության ծառայության բյուջեի մի տարբերակ արդեն ընդունվել է Կոնգրեսում, սակայն վերին պալատում այն արգելափակվել է դեմոկրատ սենատորների կողմից: Բանն այն է, որ Կոնգրեսում հանրապետական մեծամասնությունն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության բյուջեի մի տարբերակ, որը արգելակում է նախագահ Օբամայի կարգադրությունը՝ միլիոնավոր ապօրինի ներգաղթյալների արտաքսումը դադարեցնելու վերաբերյալ:

Սենատի դեմոկրատները և մի շարք հանրապետականներ պահանջում են հանրապետական մեծամասնությունից Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման իրենց խոսքերով «մաքուր» նախագիծ ընդունել, որը ներգաղթյալների վերաբերյալ նախագահի առջև նախապայմաններ չի դնի:

Այդ կոչերը, սակայն, ընդունելի չեն Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Ջոն Բեյների համար:

«Մենք մեր գործն արել ենք, մենք ընդունել ենք օրինագիծ, որը ապահովում է ծառայության ֆինանսավորումն ու դադարեցնում է նախագահի միակողմանի գործողությունները ներգաղթյալների վերաբերյալ», - նշում է Բեյները:

Որոշ հանրապետականներ, սակայն, հակված են այլ տեսակետի: Մասնավորապես, հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն իր գործընկերներին կոչ է արել կատարել դեմոկրատների պահանջն ու Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման նոր բյուջե ընդունել՝ թողնելով ներգաղթյալների հարցը դատական իշխանության հայեցողությանը:

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի դաշնային դատարանը արգելք էր դրեր ներգաղթյալների վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի որոշման վրա: