Հանրահավաքի միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէր․ քաղտեխնոլոգ

Արմեն Բադալյանը և Հակոբ Բադալյանը «Ազատություն TV»-ի եթերում, 22-ը փետրվարի, 2015թ․

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով էլ, ԲՀԿ-ն չի հրաժարվում իշխանափոխության կոչերից՝ անհարմար վիճակի մեջ չհայտնվելու համար:

Գործընթացն այլ կերպ ավարտվել չէր կարող, վստահեցնում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ գնահատելով վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական սրված իրավիճակն ու դրա հանգուցալուծումը: Նա շեշտում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) այսօր չի հրաժարվում իշխանափոխության կոչերից՝ զուտ անհարմար վիճակի մեջ չհայտնվելու համար:

Մինչդեռ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ այսօր Հայաստանում հանրահավաքների միջոցով հնարավոր չէր իշխանափոխության հասնել, եթե չկա դրսի ուժերի աջակցությունը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ, այդուհանդերձ, անգամ այս վիճակում այսօր քաղաքական դաշտում գլխավոր դերակատար հանդիսացող քաղաքական ուժերը դեռ կարող են ապագա ունենալ, եթե, իհարկե, չտրվեն զգացմունքներին և նորմալ աշխատեն, շեշտելով այն միտքը, որ ժողովրդի հիշողությունը կարճ է:

«Ես չեմ կարծում, որ այսօր եղած քաղաքական ուժերից ինչ-որ նոր ուժեր կարող են այս պահին ստեղծվել: Ինչ վերաբերում է վարկանիշն ընկնելուն, գիտեք ինչ, չեմ կարծում, թե ԲՀԿ-ի վարկանիշը խիստ կընկնի, որովհետև մի ամսից սկսում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, և կարելի է մի քանի բեռնատարներով պարարտանյութ, տուկի թել և կարտոֆիլի սերմնացու բաժանելով՝ նույն ձևի բարձրացնել վարկանիշը: Դա միշտ էլ Հայաստանում աշխատել է, դա որևէ խնդիր չունի, որովհետև հասարակությունը շատ էլ լավ ցույց է տալիս, որ ինքը լավ էլ շատ կարճաժամկետ հիշողություն ունի», - ասաց Արմեն Բադալյան:

Նրա կարծիքով՝ Հայաստանն այսօր վերածվել է Ռուսաստանի փաստացի նահանգի, իսկ նահանգում իշխանության գալու համար, քաղտեխնոլոգի ձևակերպմամբ, պետք է բանակցությունների մեջ մտնել կենտրոնի հետ, իսկ կենտրոնը Վլադիմիր Պուտինն է:

«Իսկ եթե նրանք [ԲՀԿ-ն] ադեկվատ չգտնվեցին և էլի շարունակեցին իրենց 90-ական թվականների մտածելակերպը, թե մենք կարող ենք Հայաստանում անել այն, ինչ որ տեղի ունեցավ 90-ական թվականներին և այլն, ապա եթե շատ շարունակվի, հատկապես Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններից առաջ, չի բացառվում, որ ինքը էստեղ մի նոր կուսակցություն կստեղծի և Հայաստանի նախագահին կկարգադրի, որ այս կուսակցությանը ապագա խորհրդարանում տալիս ես այսքան տոկոս», - ասաց Արմեն Բադալյանը:

Մինչդեռ Հակոբ Բադալյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտում վակուում է առաջացել, որը կարող է դառնալ մարտահրավեր քաղաքական նոր էլիտա ձևավորելու համար:

«Էս իրավիճակը հասարակության համար իսկապես մեծ մարտահրավեր է: Հասարակություն ասելով՝ նկատի ունեմ այն խմբերը, որոնք հավակնում են լինել հանրային էլիտա, ակտիվ են, հետաքրքրվում են հասարակական և պետական խնդիրներով: Կունենա՞նք այդպիսի էլիտաներ, որոնք համարձակություն կունենան նոր մոտեցումներով լցնել, որովհետև ակնհայտ է, որ այս իրավիճակը նաև այդ խմբերի տապալումն էր», - ասաց քաղաքական վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Նրանք կան, նրանք մտածում են, փորձում են ինչ-որ ելքեր գտնել, բայց ակնհայտ է, որ նրանք զիջում են իշխանական նախագծերին, ակնհայտ է, որ իշխանական նախագծերը միշտ ավելի հաշվարկված են, քան հասարակական խմբերի քայլերը և մեթոդաբանությունը: Էս առումով իսկապես մարտահրավերը բավական մեծ է, և այս իրավիճակն էլ տանուլ տալու դեպքում, կարծում եմ, արդեն բավական երկար ստիպված կլինենք սպասել հաջորդ վակուումին»: