Շարմազանովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության հետ

Լուսանկարը՝ ԱԺ լրատվական ծառայության

Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար Վիեննայում մասնակցում էր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Հայաստանի ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ երեկ Շարմազանովը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի Հանրապետության պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, ինչպես նաև Հայաստանի ապօրինի շրջափակումը Թուրքիայի կողմից: Նա ընդգծել է, որ հարկավոր է միասնաբար պայքարել թուրքական ժխտողականության դեմ:

Կողմերը նաև քննարկել են Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես անցկացնելու մանրամասները: