Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանին հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում

Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած մամլո հաղորդագրության մեջ։

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով`գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ:

«Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է», - գրել է Մուսինյանը՝ հավելելով. - «Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»:

Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել առանձնազրույց ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագրի վերաբերյալ, որն առաջին նախագահը քննադատել էր իր ելույթներից մեկում։

Իսկ ավելի վաղ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակ էր հրապարակել՝ նշելով, որ մինչև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթը պատրաստ էր նրա հետ դեմ առ դեմ հանդիպելու՝ «նրա նախընտրած ժամկետներում և պայմաններում» Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով: