Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, թե ինքն ու Գերմանիայի կանցլերը «առավել քան երբևէ համոզված են», որ Ուկրաինայում մարտական գործողություններին վերջ դնելուն ուղղված Մինսկի համաձայնագրի պայմանները պետք է ամբողջությամբ պահպանվեն:
Ֆրանսուա Օլանդը այսպիսի հայտարարություն է արել Անգելա Մերկելի հետ Փարիզում տված համատեղ ասուլիսի ժամանակ:
«Հրադադարը մի քանի անգամ խախտվել է: Այն պետք է ամբողջությամբ պահպանվի ճակատի գծի ողջ երկայնքով», - հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն իր հերթին ասել է, որ մարտի 3-ին նախատեսվում է հանդիպում իր, Ռուսաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի գործընկերների միջև՝ ուկրաինական ճգնաժամի հարցով:
Չնայած Մինսկում անցյալ շաբաթ Օլանդի և Մերկելի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրին՝ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև բախումները այդ երկրի արևելքում շարունակվել են ողջ շաբաթվա ընթացքում:
Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 20-ին հայտարարել են, որ ավելի քան 20 ռուսական տանկ, 10 հրթիռային համակարգ, ինչպես նաև ռուս զինվորների տեղափոխող մի քանի ավտոբուսներ Ռուսաստանի տարածքից մտել են հակամարտության գոտի: