Հայաստանը պետգնումներ կատարելիս պետք է նախապատվություն տա ԵՏՄ արտադրանքին

Your browser doesn’t support HTML5

Պետական գնումներ իրականացնելիս Կառավարությունն այսուհետ նախապատվությունը տալու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված ապրանքներին, եթե անգամ դրանք մինչև 15 տոկոսով թանկ լինեն այլ երկրների համանման արտադրանքից։

Այս մասին կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 30-ին կայացած նիստին՝ ուժը կորցրած ճանաչելով 2011 թվականի պետգնումների մասին նախկին որոշումը։ Բավական ծավալուն այս փաստաթղթում ավելացվեցին նոր դրույթներ՝ հիմնականում նպատակ ունենալով այն համապատասխանեցնել ԵՏՄ-ի պահանջներին։

Ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին այս որոշումը կարծես բավարար ուշադրության չարժանացավ, մինչդեռ փորձագետները, ուսումնասիրելով փոփոխված դրույթները, պնդում են՝ կառավարության այս քայլն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը պատկերավոր օրինակով մատնանշում է, թե ինչի կարող է հանգեցնել պետգնումների փոփոխված ընթացակարգը։

«Օրինակ, համակարգչային տեխնիկա ենք ուզում գնել, և եթե եվրոպական արտադրողը ավելի էժան առաջարկ էր ներկայացնում, հաղթող հանդիսանում։ Այսինքն մենք ձեռք էինք բերում այդ ապրանքը ավելի էժան գնով։ Հիմա երբ նախապատվություն ենք տալիս 15 տոկոսով թանկ ԵՏՄ ապրանքին, նախորդը էլի հին գինն է առաջարկում, բայց չի հաղթում։ Ձեռք ենք բերում ավելի թանկ ապրանքը, և որակն էլ կասկածելի է»,- ասաց փորձագետը։

Հայաստանում տարեկան միջինը կայանում է 17-18 հազար պետգնում, որոնց մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում մեկ անձից կատարվող գնումներին։ Կառավարության հիշյալ նիստի ժամանակ, ներկայացնելով այս փոփոխությունը, ֆինանսների փոխնախարար Վարդան Միրումյանը նշել էր, որ այն նպաստելու է վերահսկողական լծակների, կոռուպցիոն ռիսկերի նվազմանը՝ միևնույն ժամանակ չթաքցնելով, որ կլինեն նաև մի շարք սահմանափակումներ։

Փոխնախարարի այս բացատրությունը չէր բավարարել վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ «Ինչո՞ւ չեք խոսում ամենակարևոր առավելության մասին, չէ որ սրանով կառավարությունը աջակցում է հայրենական արտադրողին»,- բարկացել էր Աբրահամյանը։

Մինչդեռ մասնագետները պնդում են այս որոշումով հայրենական արտադրողները չեն շահելու։ Ըստ Արտակ Մանուկյանի, ԵՏՄ երկրների ապրանքներին 15 տոկոս գնային առավելություն տալով՝ կառավարությունն այդպիսով չի կատարում Առևտրի համաշխարային կազմակերպության առջև ստանձնած իր պարտավորությունները։

Մանուկյանը չի բացառում որ այս որոշմամբ կառավարությունը նաև կոռուպցիայի նոր մեխանիզմներ է ստեղծում.- «Կարող են, օրինակ, եվրոպական ծագման ապրանքը ներկայացնել որպես ԵՏՄ ապրանք և մենք նույն ապրանքը, որ ձեռք էինք բերում Եվրոպայից, գնենք մինչև 15 տոկոս ավելի թանկ գնով»։

Նմանօրինակ դեպքերը Մանուկյանը չի բացառում, քանի որ ըստ նրա՝ պետգնումների հարցում վերահսկողական լծակները կամ շատ թույլ են կամ որպես այդպիսին գոյություն չունեն։ Հակակոռուցիոն կենտրոնն ուսումնասիրել է 2014 թվականի ընթացքում իրականացված պետգնումներն ու մի շարք ուշագրավ բացահայտումներ արել, որոնք ըստ Մանուկյանի՝ փաստում են համակարգում առկա կոռուպցիայի մասին։