Սերժ Սարգսյանը «պատրաստ է համապատասխան հրավեր ուղարկել» Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

«Համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն»,- ասված է Սերժ Սարգսյանի պատասխանում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին՝ չհիմնավորված համարելով Տեր-Պետրոսյանի պնդումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից համահայկական հռչակագրի վերաբերյալ և միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով առանձնազրույց ունենալ նրա հետ այս հարցի շուրջ։

«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ: Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող»,- ասված է Սարգսյանի նամակում։

Տեր-Պետրոսյանը, նախքան իր բաց նամակը հրապարակելը, քննադատել էր Ցեղասպանության համահայկական հռչակագիրը՝ որակելով այն քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որի պատճառով «Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։

Իսկ փետրվարի 17-ի բաց նամակում Հայաստանի առաջին նախագահը, միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով, պատրաստակամություն էր հայտնել նաև Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպել՝ «նրա նախընտրած ժամկետներում և պայմաններում՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»:

Դեմ առ դեմ հանդիպումից բացի Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է նաև «հանուն գործի շահի» մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի խնդիրը կլինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով: Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ: Եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»,- ասված է Սերժ Սարգսյանի պատասխանում։

Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը իր բաց նամակում թեև նշել է, որ «այս հարցը վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից», միաժամանակ հետգրությամբ ցավով նշել էր, որ ներկա պահին «Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»։

Տեր-Պետրոսյանը չի շտապում պատասխանել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի շտապում պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն ունի:

Առաջին նախագահը այսօր մասնակցում էր Տեր Հուսիկ քահանա Լազարյանի հոգեհանգստի արարողությանը, նա Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում էր, երբ տարածվեց Սերժ Սարգսյանի նամակը:

«Ազատության» հարցին՝ արդյոք հանդիպելո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ, Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ «դեռ չեմ կարդացել»:

Նշենք, որ մինչ մեր հարցին պատասխանելը նա բջջային հեռախոսով ինչ-որ բան էր ընթերցում։