Ազատամարտիկների դաշինքը համակիրներին հորդորում է հրապարակ դուրս գալ մարտի 1-ին

Your browser doesn’t support HTML5

Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովի մասնակից ազատամարտիկները այսօր մի քանի ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո հորդորեցին իրենց համախոհներին ձեռնպահ մնալ վաղը Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին մասնակցելուց:

Փոխարենը Ազատամարտիկների դաշինքը հորդորում է համակիրներին հրապարակ դուրս գալ մարտի 1-ին:

Դաշինքի խորհրդի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը այսօր կայացած փակ նիստից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չեն ցանկանում ժողովրդին արկածախնդրության տանել։ Ազատամարտիկը ընդգծեց՝ հանրահավաքը չեղյալ է հայտարարել ԲՀԿ-ն, ոչ թե իրենք։

«Մենք չենք հրաժարվել։ Հանրահավաք հրավիրած քաղաքական ուժերը, նշելով իշխանությունների վարած քաղաքականությունը, պատճառ բռնելով, որ հանրահավաքը արտոնված չէ և այլն, հայտարարեցին, որ հանրահավաքը չի կայանալու։ Հակառակ դեպքում պատասխանատվությունը մնալու էր մեր վրա»,- ասաց Պետրոսյանը։

Փետրվարի 20-ին հրապարակ չի գնալու նաև Ազատամարտիկների դաշինքի ժողովի մեկ այլ մասնակից՝ Մուշեղ Սաղաթելյանը, ում հիասթափեցրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ պայքարից ետ կանգնելու հայտարարությունը։

«Շատ բացասական եմ վերաբերվում Ծառուկյանի հայտարարությանը։ Մարդկանց մոտ հավատ ստեղծեց, հավատացին իրենց, և առանց հիմնավոր բացատրության, այդ հույսն ու հավատն կործանեց»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխանափոխության հարցում Ծառուկյանի հետ համագործակցող ազատամարտիկները այսօր հրաժարվում էին մեկնաբանել նրա հայտարարությունը, թե պատերազմելու փոխարեն անհրաժեշտ է խնդիրները լուծել միասին աշխատելով: «Ինձ համար թանկ է յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, և ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն»,- ասել էր ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանի այս հայտարարությունն ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանել.- «Ոչ մի հիասթափություն չի կարող լինել, բայց, իհարկե, ցավ է տվել, որովհետև ժողովրդի մեծ մասը իր հետ կապված հույսեր ուներ։ Մենք էլ... եթե չհավատայինք, մարդկանց հետ ճանապարհ չէինք գնա։ Ես էլի հույսս չեմ կտրել, մենք մեր հնարավորության շրջանակներում կամ իր քաղաքական թիմի հնարավությունները դեռ կօգնեն ժողովրդին էս վիճակից դուրս գալ»։

Ազատամարտիկների դաշինքի անդամ Արթուր Նիկողոսյանն էլ ասաց, որ քաղաքական վերջին զարգացումներն իր համար անակնկալ չեն եղել, և պատերազմի վետերանները որևէ քաղաքական ուժի հետ հույս չեն կապել: Նա միևնույն ժամանակ ընդունում է, որ փետրվարի 20-ի հանրահավաքը համախմբման լավ հնարավորություն կարող էր լինել։

«Սրանք թեթև խաղեր էին, որոնց մենք սպասում էինք։ Էնպես չէ, որ մենք, կոնկրետ ես հավատով լցված եմ եղել։ Ցանկացած քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի հզոր կամքը մի անգամ կոտրեցին 96 թվականին, մի անգամ՝ 2003-ին, մի անգամ՝ 2008-ին, մի անգամ՝ 2013 թվականին... Ժողովուրդը սպասում ուներ, որ հանրահավաքով ինչ-որ բան կփոխվի, դրական տեղաշարժ կլիներ»,- ասաց Նիկողոսյանը։