Իրաքի կառավարությունը, դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, դատապարտել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ եզդիների հանդեպ բռնությունները ցեղասպանություն որակելով։
Եզդիների խնդիրները բարձրաձայնելու նպատակով Վաշինգտոնում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։ Նա նշեց, որ շուրջ 5 հազար եզդիներ գերության մեջ են, և նրանց ազատումը պետք է լինի առաջնահերթություն։
Հարցին, թե հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ ինչպե՞ս է արձագանքում եզդիների խնդրին, Շարոյանը պատասխանեց, որ հայերն ու եզդիները նման ճակատագիր ունեցող ժողովուրդներ են, և Հայաստանի հասարակությունը սրտացավ է արձագանքում եզդիների խնդրին։
Եզդիների նկատմամբ բռնությունները կենտրոնացած են Հյուսիսային Իրաքի 800-հազարանոց եզդի բնակչություն ունեցող Շանգալի շրջանում։ Ըստ Շարոյանի, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների նպատակը եզդիների տեղահանումն է։
Շարոյանը փոխանցեց, որ Վաշինգտոն այցի շրջանակում խոսելու է նաև Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ընդունումը հետագա ցեղասպանությունների կանխման առաջին քայլն է։