Հայ ազգային կոնգրեսը «ըմբռնումով է մոտենում» ԲՀԿ հայտարարությանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով:

«ԲՀԿ քաղխորհուրդն այսօր հայտարարություն է տարածել իշխանությունների կողմից հարուցված անօրինական խոչընդոտների պայմաններում փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարելու մասին: Հայ Ազգային Կոնգրեսը ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով», - ասված է հայտարարությունում:

«Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը, հայտարարում է , որ շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը և ժողովրդին հրավիրում է մարտի 1-ին ժամը 15.00-ին Ազատության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին: Հանրահավաքի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունված է ի գիտություն: Հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները»: