«Ժառանգություն»-ը չի մեկնաբանում Ծառուկյան - Սարգսյան հանդիպումը

Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

Եռյակում «Բարգավաճ Հայաստան»-ի գործընկեր «Ժառանգություն»-ն առայժմ չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյան - Սերժ Սարգսյան հանդիպումն ու ԲՀԿ քաղխորհրդի որոշումը՝ չեղյալ համարել ուրբաթ նախատեսված հանրահավաքը: Չնայած լրագրողների ջանքերին՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի՝ խոստանալով ներկայացնել կուսակցության դիրքորոշումը հանրահավաքի օրը:

«Վաղը երեկոյան «Ժառանգության» վարչության ժողովի ժամանակ մենք կճշտորոշենք, իսկ Ձեր բոլոր հարցերին ուրբաթ օրը Ազատության հրապարակում ես ներկա կլինեմ՝ Ձեր հարցերին պատասխանելու համար», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա չհստակեցրեց, արդյոք հանրահավաքը տեղի ունենալու է՝ միաժամանակ չբացառելով նաև, որ պարզապես բացօթյա ասուլիսով հանդես կգա Ազատության հրապարակում:

Մինչ այդ «ժառանգության» ղեկավարն այսօր ընթերցեց իր ուղերձը: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց անհապաղ հրաժարական տալ և նշանակել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

«Հանուն հայրենիքի Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա: Սերժ Սարգսյան, դուրս արի, եթե քեզ ընկեր է պետք դուրս գալուն, ես քեզ հետ դուրս կգամ», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր առաջնորդը խիստ քննադատեց իշխող Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, և հակադարձեց, թե կրկեսը նրանք եք սարքել ու նրանց ճառեր գրողները և պատվիրողները․

«Ստուգեցեք բոլորին՝ հավասար, օրենքի ամբողջական և ոչ ընտրովի կիրառմամբ: Ոչ միայն Ձեզ հանդիպած պարոն Ծառուկյանին, այլևս ինձ: Ձեզ հանդիպելիք Տեր-Պետրոսյանին, Սեֆիլյանին Նիկոլին, Հայրիկյանին, բայց առաջին հերթին սկսեք Դուք Ձեզանից, Ձեր ընտանիքի անդամներից, գործող վարչապետից, ոստիկանապետից, անվտանգության ծառայության ղեկավարից, բոլոր մարզպետներից, պատգամավորներից, գեներալներից, դատավորներով վերջացրած: Մինչև սա չլինի, օրենքի մասին թող ոչ մեկը չխոսի: Օրենքից դուրսը դուք եք», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի կողմից խորհրդարանից հետ կանչված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, Րաֆֆի Հովհաննիսյանը գնահատեց, թե նաև արտաքին աշխարհում գործ ունենք իշխանական մեծ խայտառակությունների և կեղտոտ խաղերի հետ:

«Հիմա արդեն տարիներ անց արձանագրությունները ստորագրելուց հետո հետ ենք քաշվում: Տարոսը՝ Եվրասիական տնտեսական միավորմանը», - նշեց Հովհաննիսյանը:

Այն, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը նվաստացուցիչ վիճակում է, վկայում է «վասալային» աշխատաոճը: «Ժառանգության» ղեկավարը օրինակ է բերում իշխանությունների արձագանքը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդին․ - «Եթե այդ տմարդի հրեշը չհանձնվի հայաստանյան արդարադատությանը և իրավասությանը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը չունի հարգանք մեր ինքնիշխանության նկատմամբ, ինքը իր բազաները և սահմանապահները պետք է դուրս հանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»:

Երկու տարի առաջ այս օրը Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել էր ավելի քան 37 տոկոս քվե: Նախագահի նախկին թեկնածուն հիշեց ամսաթիվը․ - «Անցած այս երկու տարիները ակներևաբար վկայում են, որ անդառնալիորեն կորցնում ենք պետության ներկան: Միջազգային հարթակում մեկուսացված երկիր, չճանաչված Արցախի հարցում աննախադեպ հետընթաց և մեր հպարտություն զինվորների աններելի սպանությունների, մահացու ելքով սահմանային միջադեպերի հաճախացում, քայքայված տնտեսություն, նորովի արթնացած արտագաղթ»: