Երեկ հրթիռակոծվել են Հալեպի Ազիզիե և Մոկամպո թաղամասերը

Սիրիա - Հալեպի հրթիռակոծված Ազիզիե և Մոկամպո թաղամասերը, 17-ը փետրվարի, 2015թ., լուսանկարը՝ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից

Երեկ հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Ազիզիե և Մոկամպո թաղամասերը, որոնք հիմնականում հայաբնակ են։ Վերջին հրթիռակոծությունների հետևանքով 9 քաղաքացի է զոհվել։ «Գանձասար» թերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, միայն վնասվել է ճաշարանի շենքը։

Սիրիական բանակը առաջխաղացումներ է արձանագրել Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում։

Զարմիկ Պողիկյանը նաև փոխանցեց, որ վերջին օրերին հթիռակոծվում են մարդաշատ թաղամասերը, շուկաներն ու հրապարակները։ Տեղի բնակիչները նաև գտնվում են սոցիալական ծանր վիճակում։

«Պետությունը փորձում է լուծել ջեռուցման և բենզինի խնդիրը, բայց Հալեպի բնակչության մեծ մասն անգործ է։ Դժվարությամբ են ապրում՝ կողմնակի գործեր անելով։ Տնտեսական-սոցիալական վիճակը ծանր է, և գաղթողները շատ են։ Վարժարան եկող աշակերտների թիվը օր օրի պակասում է։ Տեղի հայերը հիմնականում մեկնում են Կանադա։ Ամեն դեպքում, վարժարանները շարունակում են գործել, անցած շաբաթ տոնեցինք Բարեկենդանն ու Տյառնընդառաջը», - փոխանցեց Պողիկյանը։