Անկարան հավատարիմ կմնա Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրություններին, որոնց նպատակը երկկողմ հարաբերությունները կարգավորելն է, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Թանջու Բիլգիչը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու պաշտոնական Երևանի որոշումը՝ Բիլգիչն ասել է, թե դա արվել է հայերի կոտորածների 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիային մեղադրելու նպատակով:
«Թուրքիան համաձայն չէ հայկական կողմի ցուցաբերած դիրքորոշմանը», - ասել է Թուրքիայի արտգործնախարության մամուլի խոսնակը՝ Երևանի քայլը բնորոշելով «սխալ և անհաջող»:
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նա ասել է, թե Հայաստանը «անկապ և ոչ անկեղծ» քայլ է կատարել, իսկ Թուրքիան հավատարիմ կմնա արձանագրություններին:
2009-ին Շվեյցարիայում ստորագրված երկու արձանագրությունները նախատեսում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Հայաստանի միջև, վերաբացել 1993 թվականից փակված սահմանը, նորմալացնել հարաբերությունները:
Արձանագրությունների ստորագրումը, որը մեծ առաջընթաց համարվեց հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, կատարվեց ԱՄՆ-ի և արևմտյան մի քանի երկրների հորդորների և ճնշումների արդյունքում: Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր գրքում գրել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխի հյուրանոցի սենյակից դուրս չէր գալիս:
Երկու օր առաջ՝ փետրվարի 16-ին, ներքաղաքական լարված իրավիճակի ֆոնին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանից հետ է կանչում հայ - թուրքական արձանագրությունները:
Թուրքական մամուլը հիշեցնում է, որ 2010 թվականի ապրիլին Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ սառեցնում է արձանագրությունների վավերացումը:
Հիշեցնենք նաև, որ հինգ տարի առաջ Սերժ Սարգսյանը միաժամանակ ասաց, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:
Այսօրվա դրությամբ ևս ստորագրությունը պահպանվում է․ խորհրդարանից հետ կանչելը արձանագրություններից վերջնական հրաժարում չի նշանակում: