Տեր-Պետրոսյանը մինչև Սարգսյանի հայտնի ելույթը պատրաստ է եղել նրա հետ հանդիպել

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հրապարակել է երկրի նախագահին ուղղված բաց նամակ, որը, սակայն, Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, գրվել է մինչև Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթը:

Քաղաքական հակառակորդին դիմելու շարժառիթը «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է և հարցը միջազգային ասպարեզում հավուր պատշաճի ներկայացնելու խնդիրը»: Նամակը բնորոշելով որպես «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն»՝ Տեր-Պետրոսյանը ընդգծում է, որ մինչև Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը պատրաստ է եղել անգամ նրա հետ դեմ առ դեմ հանդիպել:

Ավելի վաղ առաջին նախագահը քննադատել էր Ցեղասպանության համահայկական հռչակագիրը՝ որակելով այն քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որի պատճառով «Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը»։

Միայն մտահոգություն արտահայտելը բավարար չհամարելով՝ առաջին նախագահը, փաստորեն, պատրաստակամություն է հայտնել նաև Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպել՝ «նրա նախընտրած ժամկետներում ևպայմաններում՝ այդ խնդրի շուրջ մտքերի փոխանակման նպատակով»:

Դեմ առ դեմ հանդիպումից բացի Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է նաև «հանուն գործի շահի» մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի խնդիրը կլինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։

«Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոմիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին», - գրել է Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ նոր այդ ուղերձը պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային պարտավորություններին, Հայաստանի Սահմանադրությանը և որևէ կերպ չվնասի հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Առաջին նախագահն անգամ առաջարկել է, թե ովքեր կարող են, իր համոզմամբ, մասնակցել դրա ստեղծմանը: Մոտ երեք տասնյակ գործիչների շարքում են Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհներն ու հակառակորդները, այդ թվում, օրինակ, Վազգեն Մանուկյանը, Վանո Սիրադեղյանն ու Գագիկ Հարությունյանը: Հայաստանից ու Սփյուռքից ներկայացված թեկնածուների շարքում, սակայն, չկա որեւէ դաշնակցական գործչի անուն:

«Որպես գաղափարի մտահղացող, ես պատրաստ եմ նաև անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարևորն այս պատասխանատու խնդրում պետական և համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական», - գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին՝ հավելելով` հնարավոր է, որ նախագահին այդպիսի անակնկալ մատուցի նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բարդություններ առաջանալու պարագայում։

«Երբ վտանգվում է իմ ազգի և պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել և ցանկացած դուռ կբախեմ», - բաց նամակը եզրափակել է առաջին նախագահը:

Բաց նամակում Տեր֊Պետրոսյանը նշել է, որ «այս հարցը վեր պետք է լինի ներքաղաքական հարաբերությունների ցանկացած նկատառումից», միաժամանակ հետգրությամբ ցավով նշում, որ ներկա պահին «Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»։

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը 168-am-ի հարցին ի պատասխան նշել է, որ Հանրապետության նախագահը ծանոթ է Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին:

«Համապատասխան արձագանք կլինի», - ասել է Արման Սաղաթելյանը՝ չմասնավորեցնելով, սակայն՝ ի՞նչ ձևաչափով և երբ: