Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ շփման գծում իրադրությունը սրելուց և ակտիվացնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերը:
Այս մասին մի քանի ժամ առաջ Բաքվում հայտարարել է Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Ես այստեղ էի ժամանել ուղերձով, և նույն ուղերձն էլ կտանեմ Հայաստան: Մենք ցանկանում ենք, որպեսզի բռնարարքներին վերջ տրվի, և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջը: Մենք պատրաստվում ենք աջակցել այս գործընթացին` Մինսկի խմբի ձևաչափի միջոցով», - հայտարարել է Նուլանդը` հավելելով նաև, որ Երևանում վաղը կայանալիք բանակցությունների թեմաներից մեկը դառնալու է անցած տարվա հունիսին Քելբաջարում ձերբակալված և հետագայում ղարաբաղյան դատարանի կողմից դատապարտված դիվերսանտների` Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի ճակատագիրը: Այս խնդրին Նուլանդը անդրադարձավ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին:
«Կալանավորվածները պետք է վերադարձվեն Ադրբեջան՝ որպես բարի կամքի մարդասիրական դրսևորում: Այս հարցին ես ևս պատրաստվում եմ վաղն անդրադառնալ Երևանում», - հայտարարեց Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը:
Բաքուն Նուլանդի տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր: Ադրբեջանի մայրաքաղաքում Նուլանդը ընդամենը մի քանի ժամ անցկացրեց, հանդիպեց երկրի ղեկավարության` այդ թվում Իլհամ Ալիևի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նուլանդի խոսքով, բանակցությունների մի զգալի մասը զբաղեցրել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ քննարկումները:
«Այսօր մենք խոսեցինք այն մտահոգությունների մասին, որ վերջին տարիներին արտահայտում էր Միացյալ Նահանգները մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության հետ կապված: Մենք հանգեցինք պայմանավորվածության, որի համաձայն շարունակելու ենք այդ քննարկումները, ակտիվացնելու ենք դրանք: Այդ նպատակով մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որի համաձայն ամերիկա - ադրբեջանական երկխոսություն կմեկնարկի` նվիրված քաղաքացիական ազատությունների և ժողովրդավարության խնդիրներին: Ստեղծվելու է երկկողմ ամերիկա - ադրբեջանական կառույց, որը կգործի Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերին զուգահեռ», - հայտարարեց Նուլանդը:
Պետքարտուղարի տեղակալն այսօր Բաքվում չի շրջանցել նաև Ադրբեջանի և Արևմուտքի միջև էներգետիկ համագործակցության խնդիրները: «Էներգետիկ համագործակցության և անվտանգության խնդիրները սերտորեն փոխկապակցված են: Խոսքը, մասնավորաբար, նավթատարերի և գազատարերի անվտանգության ապահովման մասին է: Այս թեման այսօր առավել ակտիվ է քննարկվում՝ հաշվի առնելով Հարավային գազային միջանցքի ստեղծմանն ուղղված ջանքերը: Այս միջանցքը կապահովի Եվրոպայի էներգետիկ անկախությունը, կվերացնի մայրցամաքի կախվածությունը գազի մեկ աղբյուրից: ԱՄՆ-ն և Եվրամիությունը մեծապես աջակցում են այդ ծրագրին», - հայտարարեց Նուլանդը:
Ի դեպ, ամերիկացի դիվանագետը, պատմելով Իլհամ Ալիևի հետ այսօր կայացած բանակցությունների մասին, նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահն իրեն խոստացել է «ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ»: