Քրեական գործը, որում որպես մեղադրյալ ընդգրկված է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռոման Գասպարյանը, հարուցվել է դեռևս 2014 թվականի հուլիսին:
Հայաստանի քննչական կոմիտեն, «հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը», այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասված է․ - «Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նշված քրեական գործը հարուցվել է դեռևս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և ամբողջական հետազոտումն ապահովելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ երկուշաբթի ուշ երեկոյան բերման ենթարկվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարի Արթուր Մամոյանը։ Նաև տեղեկություն տարածվեց, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի փոխանցմամբ, Գասպարյանի որդու հետ կապված վերջերս քրեական գործ է հարուցված եղել, և ոստիկանները գործը ցանկացել են վերականգնել: