ԲՀԿ Նոր Նորքի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է

Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան, արխիվ

Կուսակցության անդամների թվում կան այլ բերման ենթարկվածներ, կատարվում են խուզարկություններ:

Երկուշաբթի ուշ երեկոյան բերման է ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ տեղեկություններ կան բերման ենթարկվածների մասին նաև Երևանի Արաբկիր համայնքում և Մարալիկում:

ԲՀԿ պատգամավորն այս դեպքերը կապեց նախագահի փետրվարի 12-ի ելույթի հետ՝ նշելով, որ հայտնի հրահանգից հետո սկսվեցին հարձակումներ ԲՀԿ-ականների նկատմամբ։ Թե ինչ հիմքով է բերման ենթարկվել Մամոյանը, Վարդանյանն այդպես էլ պարզաբանել չկարողացավ, փոխարենը ընդգծեց, որ ոստիկանության համար դժվար չէ ինչ-որ պատճառաբանություն գտնել և բերման ենթարկել։

«Վերջին երկու շաբաթների իրադարձություններից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես վերադարձել ենք 37 թվական, և ռեպրեսիվ միջոցները, որ այն ժամանակ էին կիրառվում, խիստ արդիական են այսօր», - ասաց Էլինար Վարդանյանը։

Տեղեկություն էր տարածվել նաև, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխանցեց, որ Գասպարյանի որդու հետ կապված վերջերս քրեական գործ է հարուցված եղել, և ոստիկանները գործը ցանկացել են վերականգնել:

Ոստիկանությունից վաղ առավոտյան «Ազատությանը» փոխանցեցին, որ Արթուր Մամոյանը ձերբակալվել է ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։

«Ոստիկանությունն ամեն օր հանրապետության տարբեր տարածքներում ու բնակավայրերում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ է անցկացնում իր գործառույթների շրջանակներում, այն է՝ հանցագործությունների նախականխում, կանխում, բացահայտում, հասարակական կարգի ապահովում: Այդ ամենն իրավական հարթությունում գտնվող հարցեր են, և ես կոչ եմ անում դրանք արհեստականորեն չտեղափոխել քաղաքական դաշտ», - ասաց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա ընդգծեց, որ վերջին ամիսներին մայրաքաղաքում, ինչպես և երկրի մյուս բնակավայրերում գտնվող գիշերատներում, հյուրանոցներում ոստիկանությունը բազմաթիվ ստուգումներ է անցկացրել, և տարօրինակ համարեց, որ նախորդ ստուգումները հնչեղություն չստացան, իսկ այս դեպքով աղմուկ բարձրացվեց։

«Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ ոստիկանությունը բազմիցս նշել է՝ ապաքաղաքական կառույց է, ոստիկանությանը բացարձակապես չի հետաքրքրում իր գործառույթներն իրականացնելիս սուբյեկտ հանդիսացող անձը ինչ քաղաքական հայացքներ ունի: Մեկ անգամ ևս խնդրում, հորդորում եմ իրավական հարթությունում գտնվող խնդիրները չքաղաքականացնել», - ասաց Աշոտ Ահարոնյանը։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի մեկ այլ պատգամավորի՝ Ռուբեն Գևորգյանի հյուրանոցային համալիրում ոստիկանության անցկացրած խուզարկությանը, Ահարոնյանը նշեց. - «Ցանկացած գործողություն իրականացնելուց հետո հանրությանը պատշաճ տեղեկատվություն է տրամադրվում օրենքի թույլատրելիության սահմաններում, այս դեպքում ևս կտրամադրվի տեղեկատվություն, կտրամադրվեն բացատրություններ»։