Բերման են ենթարկել ԲՀԿ Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարին

Երկուշաբթի ուշ երեկոյան բերման են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային գրասենյակի ղեկավարին։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ տեղեկություններ կան բերման ենթարկվածների մասին նաև Երևանի Արաբկիր համայնքում և Մարալիկում:

Վարդանյանը ասաց, որ քիչ առաջ մի խումբ պատգամավորներով եղել են Նոր Նորքի ոստիկանության շենքում, որտեղ էլ պահվում է ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Մամոյանը: Պատգամավորի խոսքով՝ ոստիկանության համար դժվար չէ ինչ-որ պատճառաբանություն գտնել և բերման ենթարկել, սակայն Վարդանյանը այդպես էլ չնշեց, թե ինչու են բերման ենթարկել Մամոյանին:

«Վերջին երկու շաբաթների իրադարձություններից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կարծես վերադարձել ենք 37 թվական, և ռեպրեսիվ միջոցները, որ այն ժամանակ էին կիրառվում, խիստ արդիական են այսօր»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։

Էլինար Վարդանյանի խոսքով՝ հայտնի հրահանգից հետո սկսվեցին հարձակումներ իրականացվել, և սա որևէ այլ բանի հետ կապելը տարօրինակ կլիներ:

Ի դեպ, տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանությունը խուզարկում է իրականացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի բնակարանում: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը փոխանցեց, որ Գասպարյանի որդու հետ կապված վերջերս քրեական գործ է հարուցված եղել, և ոստիկանները գործը ցանկացել են նորից վերականգնել:

Հովհաննես Մովսիսյան