Քաղաքապետարանը մերժեց հանրահավաք անցկացնելու մասին եռյակի ծանուցագիրը

Your browser doesn’t support HTML5

Լևոն Զուրաբյանի խոսքով, «հանրահավաքն անկասկած կայանալու է»։

Ոչ իշխանական ուժերի կողմից փետրվարի 20-ին շտապ հանրահավաք անցկացնելու մասին Երևանի քաղաքապետարան ներկայացված ծանուցագիրը մերժվեց։ Որպես շտապ հանրահավաք անցկացնելու հիմք ոչ իշխանականները ներկայացրել էին Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու անհրաժեշտությունը, մինչդեռ քաղաքապետարանից տեղեկացրին, որ օրենքով՝ ելույթին ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

«Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ հանրահավաքն «անկասկած կայանալու է». - «Քաղաքապետարանի տված պարզաբանումները որևէ առնչություն օրենքի հետ չունեն, քաղաքապետարանը որևէ լիազորություն՝ ո՛չ օրենքով, ո՛չ Սահմանադրությամբ չունի սահմանելու, թե որ իրադարձությունը կարող է շտապ հավաքի առիթ լինել, կամ թե ինչքան ժամանակ է պահանջվում արձագանքելու համար, որ դա համարվի շտապ հավաք։ Այսինքն նման որևէ մեկնաբանություն տալու, լիազորություն կիրառելու իրավասություն քաղաքապետարանը չունի, դա բացարձակապես հորինովի պատասխան է, շտապ հավաքի ինստիտուտը նշանակում է, որ եթե այդ օրը ոչ մի իրազեկում չկա, ուրեմն մենք կարող ենք այդ հանրահավաքն անցկացնել»։

Ավելի վաղ Ազգային Ժողովի «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չէր բացառել, որ ոչ իշխանական ուժերը փետրվարի 20-ի հանրահավաքից հետո կարող են անժամկետ նստացույց սկսել Ազատության հրապարակում։

«Ազատության» հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ իշխանափոխության մի քանի տարբերակներ են քննարկում, որոնցից մեկը կարող է լինել շուրջօրյա հանրահավաքների անցկացումը։ Նրա փոխանցմամբ, առաջիկա օրերին եռյակի ձևաչափով մի քանի հանդիպումներ կլինեն, որից հետո արդեն փետրվարի 20-ին կհայտարարեն հետագա գործողությունների մասին։

«Դա չի նշանակում, որ ծրագիր չունենք, բայց նաև հասկանալի է, որ այդ ծրագիրը դեռ մշակման փուլում է, որովհետև արտահերթ, անսպասելի էր այս զարգացումները, և մեր ընդհանուր ծրագիրը որոշակիորեն պետք է խմբագրվի, որովհետև չէինք սպասում, որ իշխանությունների կողմից այսպիսի սադրիչ քայլ կձեռնարկվի», - ասաց Հակոբյանը։

Իշխող Հանրապետականում փետրվարի 20-ի հանրահավաքից մտահոգված չեն։ Կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա իրենց համար հերթական միջոցառումն է, որը պետք է լինի օրենքի շրջանակներում, իսկ հանրահավաքների միջոցով նա բացառեց, թե Հայաստանում կարելի է իշխանափոխության հասնել։

«Իշխանափոխություն կլինի, չի լինի, դա պետք է որոշի ընտրությունների ժամանակ ժողովուրդը. ժողովուրդը մինչև 2017 թվական վստահության մանդատ տվել է քաղաքական ուժերին, մինչև 2018 թվական վստահության մանդատ տվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Մնացածն արդեն հերթական ընտրությունների ժամանակ, ինչպես բոլոր նորմալ երկրներում, ժողովուրդն ինչպես կորոշի, այնպես էլ կլինի, մեռնեմ ժողովրդի կամքին», - ասաց Շարմազանովը։

Հանրապետական Սամվել Ֆարմանյանն էլ, ով Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո կասկած էր հայտնել, թե Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, այսօր ասաց, թե ոչ իշխանականները կտրուկ գործողությունների չեն դիմի, հակառակ դեպքում նա Ծառուկյանին հիշեցրեց, որ «ամեն ինչ փոխվել է»։

«Եթե որևէ տաք գլուխ իր եղած կամ չեղած պատկերացումների շրջանակներում քաղաքականությունը պատկերացնում է այնպես ինչպես պատկերացրել է մինչ օրս և այդ շրջանակներում պատրաստվում է կոնկրետ գործողությունների, ես Գագիկ Ծառուկյանին նկատի ունեմ, ապա պատասխանը կլինի այնպիսին, որ ստիպված կհասկանա դրա անթույլատրելիությունը», - ասաց Ֆարմանյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ում չեն շտապում տեղեկացնել, թե ինչ է սպասվում փետրվարի 20-ի հանրահավաքում, ինչպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ասաց՝ դեռ քննարկում են։

«Մենք շուտով կհայտարարենք՝ ինչ ենք անում։ Հանրահավաքի օրն ենք որոշել՝ ամսի 20-ին, մնացած ամեն ինչի շուրջ կլինի պաշտոնական հայտարարություն, կլինեն ելույթներ», - ասաց Մարգարյանը։

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար ոչ իշխանականների կողմից հանրահավաքի անցկացումն անսպասելի չէր, մինչդեռ նա էլ անհանգստանում է եռյակի ճակատագրի համար։

«Ի՞նչ են ասելու փետրվարի 20-ին եռյակի ղեկավարները ժողովրդին», - հարց բարձրացրեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ իշխանափոխության եռյակը կարող էր այլ ճանապարհով հասնել։

«Եթե նրանք իրոք, լուրջ մտադրություն ունեն որպեսզի հրաժարական պահանաջեն, այդ առիթն ընձեռվել էր, կարծեմ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ իմպիչմենտի հարց բարձրացնելով, և նրանք կարող էին բոլորը միանալ և այդ գործընթացն օրենքի համապատասխան առաջ տանեին, բայց նրանց ձեռք չէր տալիս այդ տարբերակը, նրանց պետք էր որպեսզի դա լինի Գագիկ Ծառուկյանի ձեռքով՝ այսինքն այն մարդու, որից հետագայում կարող են հեշտ ազատվել, և ամենքն իր նպատակները կարողանա առաջ տանել», - ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Ծառուկյանը իր որոշ խորհրդատուների ազդեցության տակ է և չի հասկանում, որ իր միջոցով որոշ մարդիկ փորձում են իրենց վաղեմի ցանկությունները իրականացնել։ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավարը հանրահավաքային պայքարի միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագրերն անլուրջ համարեց և զգուշացրեց, որ իրենք ցնցումներ թույլ չեն տա։