Մենք վարում ենք քաղաքական պայքար․ Միքայել Մելքումյան

Միքայել Մելքումյանը «Ազատության» տաղավարում, 15-ը փետրվարի, 2015թ․

Դեռևս վաղ է ներկայիս ներքաղաքական իրավիճակը պայթյունավտանգ համարել քանի դեռ զարգացումները սրացման չեն գնացել, «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մասին խոսելիս այս կարծիքը հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, որ իրավիճակը սրողը ընդդիմադիր եռյակը չէր:

«Խնդիրն առաջացավ նրանից, որ ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը» հստակ նշում էին, որ մենք ունենք քաղաքական օրակարգ, որի առաջին հարցը նոր Սահմանադրության ընդունման կասեցումն է: Այսինքն, եթե իշխանությունը այս լարված փուլում, պետության համար ճգնաժամային փուլում՝ տնտեսական, սոցիալական, լարված վիճակ Ղարաբաղի սահմանին և այլն, ասում է, թե իրենք ուզում են վերարտադրվեն և դրա համար Սահմանադրություն են փոխում, որպեսզի նախագահական ինստիտուտը փոխեն պարլամենտական կառավարման համակարգով, մենք դրան դեմ ենք: Իսկ Սահմանադրությունը պետք է, իրենք էլ են նշել, լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի ձևով ընդունվի և եկեք այս հարցը կասեցնենք, և մտածենք, թե ելքերը որոնք են», - ասաց ԲՀԿ պատգամավորը:

Միքայել Մելքումյանը նաև նշեց, թե իրենց կարծիքով կան 12 կետեր և էլի 122 կետեր, որոնք այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական-սոցիալական վիճակը այն կետին են հասցրել, որ փլուզվում է տնտեսության ամբողջ համակարգը: Մելքումյանի խոսքով, նաև պետական համակարգն է իր բնականոն ռիթմից շեղվել՝ «շատ է շեղվել, չափից դուրս»:

«Բացի այդ, Ընտրական օրենսգրքի բարեփոխում, արմատական, որ այն մեծամասնական ընտրակարգը, որ միշտ դարձել է ոչ նորմալ, ոչ քաղաքակիրթ ընտրության մոդել, եկեք վերացնենք և գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք դեռ նախագահականի մասին չէինք ասել, բայց էս վերջին զարգացումները բերեցին նրան, որ մենք այս պահին Ծառուկյանի գլխավորությամբ և եռյակի ուժերով, ձևակերպեցին քաղաքական օրակարգ, դա այն է, որ անհապաղ պետք է լինեն արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետև մենք գնում էինք ծրագրային ճանապարհով, մենք գնում էինք քայլ առ քայլ հասնելու, բյուրեղանալու, որոշակի անցնում», - ասաց ԲՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ հանրապետության նախագահի այս վերջին որակումները և ելույթը քաղաքական կոնտեքստից կտրված էին:

«Այդ որակումները հանգեցնում են նրան, որ հակառակ կողմը, որը շատ բանական է, պետք է մոբիլիզացվի և համազգային մոբիլիզացիայի կոչ անի, որպեսզի ինքը համարժեք արձագանքի այդ որակումներին և դրանից հետևող բոլոր գործընթացներին», - ասաց պատգամավորը:

Մելքումյանը հրաժարվեց խոսել Ծառուկյանի անձի վերաբերյալ հնչած նախագահի պիտակավորումների մասին, քանի որ, ըստ Մելքումյանի, ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչածը դուրս է քաղաքական վեկտորից: Մասնագիտությամբ տնետսագետ Մելքումյանը պարապես հիշեցրեց, որ կառավարման և մի շարք այլ հատկանիշների շնորհիվ է Գագիկ Ծառուկյանը հասել հաջողության:

«Քաղաքական միջավայրի տրամաբանությունից դուրս բերվեց այլ միջավայր, չեմ ուզում ասել՝ ռազբորկաների, պիտակավորումների, որը մեր համար անընդունելի է, և մենք բոլոր գործընթացները նորից տանելու ենք քաղաքական միջավայր: Մենք վարում ենք քաղաքական պայքար», - ընդգծեց Միքայել Մելքումյանը: