Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարած «Ղազախստանի ժողովրդի վեհաժողով» կազմակերպությունը հանդես է եկել հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություն անցկացնելու կոչով։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են ներկայիս քաղաքականության շարունակականությունը երաշխավորելու համար։
Հերթական ընտրությունը նախատեսված է 2016 թվականին, սակայն «Ղազախստանի ժողովրդի վեհաժողովն» առաջարկում է այն անցկացնել այս տարի և հայտարարում, որ Նազարբաևին ևս մեկ ժամկետ է պետք երկիրը տնտեսական ճգնաժամի փուլում առաջնորդելու համար։ Բացի այդ, կազմակերպության փոխնախագահ Անատոլի Բաշմակովի փոխանցմամբ, արտահերթ ընտրությամբ վերջ կտրվի Նազարբաևի հավանական իրավահաջորդի մասին ասեկոսեներին։
74-ամյա Նազարբաևը Ղազախստանը ղեկավարում է 1989 թվականից։