ԲՀԿ-ն քննարկում է նախագահի պաշտոնանկության սցենարներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջինիս գլխավորած Ազգային օլիմպիական կոմիտեի միջոցառման ժամանակ, դեկտեմբեր, 2012թ․

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) քննարկում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության սցենարներ, որոնցից մեկը կարող է լինել իմփիչմենթի գործընթացը խորհրդարանում։

«Բարգավաճ»-ի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի նախագահի փետրվարի 12-ի ելույթը բավարար հիմք է Սարգսյանին պաշտոնանկ անելու համար։ «Յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր պարբերություն իսկապես սահմանադրական շրջանակներում դիտարկելով՝ այնտեղ կարելի է շատ լուրջ մեղադրանքներ առաջացնել և խորհրդարանում իմփիչմենթը սկսել, որովհետև սա ինքնին արդեն Սահմանադրության լրջագույն խախտում է, և մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Սահմանադրության ոտնահարման դեպքում դնել նախագահի իմփիչմենթի խնդիրը», - ասաց Օսկանյանը:

ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսօր նշեց՝ արդեն սահմանում են նախագահի հրաժարականը իրականացնելու գործընթաց։ «Նախագահի հրաժարականին մենք հասնելու ենք, ձգտելու ենք, սահմանելու ենք գործընթաց, սահմանում ենք արդեն գործընթաց՝ նախագահի հրաժարականը իրականացնելու», - փոխանցեց նա:

«Բարգավաճ»-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Ազատության» հետ զրույցում հիշատակելով Սարգսյանի ելույթը, ասաց, թե այն փոխեց գործընթացների արագությունը՝ քաղաքական դաշտի գունապնակում թողնելով միայն սև-սպիտակ գույները։ «Այդ ելույթի բովանդակությունը ստիպում է, որ ԲՀԿ-ն իր գործընկերների հետ համարժեք գործընթաց սկսի», - հայտարարեց նա՝ նշելով, որ պայքարի մի քանի տարբերակներ են քննարկում։

«Իսկ այդ իմփիչմենթի գործընթացը, որը, չէ որ մենք այնտեղ ասել ենք, չէ՞՝ կլինեն հանրահավաքներ, ցույցեր, երթեր, նստացույցներ և այլն՝ պերմանենտ, իսկ ինքը իմփիչմենթը կախված է այդ համալիր միջոցառումների նկատմամբ ազդեցության գնահատումից, անպայման ինքը մաս կկազմի, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այսինքն, մենք որևէ բան չենք բացառում: Այսինքն, էդ միջոցառումների ազդեցության գնահատման հետևանքով առաջացող բաղադրիչ է լինելու», - շարունակեց Մելքումյանը:

ԲՀԿ-ի ներկայացուցիչները շեշտում են, որ ի տարբերություն Հանրապետականի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը միայնակ չէ՝ համագործակցում է «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և տասնյակ այլ քաղաքական ու հասարարական ուժերի հետ։

Ակնկալվում է, որ ոչ իշխանական եռյակի առաջնորդները՝ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը ևս մեկ հանդիպում կունենան՝ հետագա անելիքները քննարկելու համար։

Դռնփակ այդ քննարկումներից մանրամասներ չհրապարակելով՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը միաժամանակ ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը ՀԱԿ-ը հրապարակել է դեռ 2011 թվականին։ «Թող առաջարկ լինի, էնքան հիմքեր կան․․․ Մենք 11 թվին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական հիմքերը հանրահավաքում հրապարակել ենք։ Բոլոր հիմքերը կան, խոսքը նրա մասին է, թե որ վիճակում սկսվի այդ պաշտոնանկության գործընթացը, որ կարողանանք ապահովել անհրաժեշտ ձայները։ Քննարկման ենթակա է միայն այս հանգամանքը», - ասաց Զուրաբյանը:

Իշխող Հանրապետականը (ՀՀԿ), մինչդեռ, արդեն հայտարարում է, թե Ծառուկյանի հանրահավաքային պայքարը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Ավելին, պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր պնդեց, թե ժողովրդին մոբիլիզացնելու, անժամկետ հանրահավաքներ, նստացույցներ անելու կոչով Ծառուկյանը վտանգում է երկրի անվտանգությունը, և որ Հանրապետականը թույլ չի տա նման սցենարների զարգացում։ «Մենք կարող ենք ունենալ իսկապես անցանկալի զարգացումներ, որոնց ուղղակի սպասում են մեր արևմտյան և արևելյան հարևանները: Տեսեք, դուք ասում եք՝ խաղաղ ցույց, որը ես համոզված չեմ, որ դա այդպես կլինի, որովհետև այնտեղ անհնազանդության կոչերի մասին է խոսում, անժամկետ նստացույցների, հանրահավաքների, և այդ անժամկետ նստացույցներն ու հանրահավաքները կարող բերել իսկապես ապակայունացման», - հայտարարեց հանրապետական պատգամավորը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել էր նաև Գագիկ Ծառուկյանի միլիարդներին՝ կասկածի տակ դնելով նրա կողմից բարեխիղճ հարկ վճարելու պարտականությունների կատարումը։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, բարեգործության անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին», - հինգշաբթի օրը Հանրապետականի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր նախագահը:

Հատկանշական է, որ այսօր իշխող կուսակցության պատգամավորը ևս հաստատեց ԲՀԿ-ի առաջնորդի երեկվա ելույթի այն դրույթը, թե մինչև հիմա Ծառուկյանի հիմնարկներում իրականացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել։ «Մինչև հիմա իրականացված բոլոր վերահսկողությունները ցույց են տվել, որ ամեն ինչ նորմալ է», - ասաց Գագիկ Մելիքյանը: