Ազգային անվտանգության խորհրդի նիստում «ձևավորվել է ընդհանուր մոտեցում»

Your browser doesn’t support HTML5

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր մոտեցում երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երևույթները գնահատելու և դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱԽ անդամները միակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դեմ ուղղված «ցանկացած սպառնալիքի չեզոքացման միջոցները պետք է համապատասխանեն օրինականության և արդարության չափանիշներին»:

Նախօրեին, հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվել էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

Իր նախկին կոալիցիոն գործընկերոջ «երկրի համար չարիք» և «կեղծ քաղական երևույթ» անվանած Սարգսյանը նախօրեին իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդի մասին խոսելիս ասել էր.- «Շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։ Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»։

Այսօր ԱԱԽ նիստում ունեցած իր ելույթում Սարգսյանը, մասնավորապես, ասել է.- «Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները և դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից»։

«Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները»,- ասել է երկրի նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ «պետությունը երբեք չի խրախուսել բռնությունների միտված երկիմաստ քարոզչությունը».- «Պետությունը փորձել է վերահսկել ֆինանսական միջոցների գոյացման օրինականությունը, ինչ-որ չափով արձագանքել է կասկածելի ֆինանսական ռեսուրսները քաղաքական նպատակներով օգտագործելու երևույթին, պարբերաբար հակազդել է մասնավոր շահերի պաշտպանության համար տեխնիկական և կազմակերպական հնարավորությունների անհամաչափ գործածմանը: Իհարկե, այս ամենը պետական իրավասու մարմինների ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասն է: Սակայն երբ նման բացասական երևույթները միավորվում և ծառայեցվում են երկրի ազգային անվտանգությանը հակադրվող շահերի սպասարկմանը, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի սկզբունքորեն այլ: Թե ինչպիսին, կքննարկենք այսօր»: