«Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը», - ինչպես տարածած հայտարարությամբ փոխանցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քաղխորհրդի այսօրվա նիստում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան Հանրապետության նախագահ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին:
«Եկել է սխալներն ուղղելու ժամանակ», - ասել է Ծառուկյանը՝ իբրև հանգուցալուծում առաջարկելով ամբողջական իշխանափոխություն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
«Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։ Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Մեղքն իր վիզը», - նկատել է Ծառուկյանը։
ԲՀԿ ղեկավարը դիմել է ժողովրդին․ - «Պատրաստվե՛ք պայքարի․․․ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից», - հայտարարել է ԲՀԿ-ի առաջնորդը:
«Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե: Ուրիշ լուծում չկա», - հայտարարել է Ծառուկյանը:
Հիշեցնեմ, Սերժ Սարգսյանի երեկ կարծիք էր հայտնել, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք», և շատ կարևոր համարեց հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ:
Սարգսյանի հիշել էր նաև Ծառուկյանի մականունը, խոսել նրա մտավոր կարողություններից:
ԲՀԿ առաջնորդը կուսակիցների հետ այսօրվա հանդիպման ընթացքում, տարածված հայտարարության համաձայն, նաև ներկայացրել է իր տեսակետը, թե «ինչու Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով»: Ծառուկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու առաջարկը մերժելու պատճառով: Իսկ Սարգսյանը իրեն առաջարկել է համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ է արել, այդ թվում՝ նախագահի պաշտոնը Սահմանադրությունը փոխելուց հետո՝ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը:
Նախագահը Ծառուկյանին երեկ ազատեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, Ազգային ժողովում կհետևի նրան մանդատից զրկելու գործընթացին, հարկային ստուգումներ, հնարավոր է նաև քրեական հանցագործությունների կասկածանքով հետաքննություններ սկսվեն:
Ծառուկյանի խոսքով՝ ինքն ընդունել է մարտահրավերը և գնալու է մինչև հաղթանակ: Բայց և նկատել է, որ պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում մեկ բառ անգամ չի տեսել Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսության խայտառակ անկման, ներդրումների կտրուկ նվազման, աղքատության աճի, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի և նրա նեղ շրջապատի հայտարարագրած ու չհայտարարագրած բիզնեսների զարգացման մասին:
Նախագահ Սարգսյանը, ըստ Ծառուկյանի, լռում է Հայաստանի համար բոլոր ճակատագրական պահերին․ - «Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։ Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում»:
ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ խորհրդարանական մանդատից զրկելու, չվճարված հարկերի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունները Գագիկ Ծառուկյանին չեն անհանգստացնում․ - «Գագիկ Ծառուկյանը անհանգստացած է նրանով, որ Հայաստանում շուրջ մեկ միլիոն մարդ աչքերը արցունքոտում է դեղի ու հացի կարիքից ելնելով: Մնացած ամենը երկրորդական է»:
Կուսակցությունից արտահոսքի մասին լուրերը ևս ԲՀԿ-ում լուրջ չեն ընդունում: «Ժպիտս թող լինի պատասխան», - այդ լուրերին վերաբերող հարցին արձագանքեց Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ երեկ հնչած բոլոր վիրավորական արտահայտություններին պատասխանելու են քաղաքական քայլերով․ - «Իշխանափոխությամբ»:
Քաղխորհրդի նիստից հետ ԲՀԿ-ի ներկայացուցիչները այնուհանդերձ անդրադարձել են Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին: Ձայնագրությունը տարածել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:
«Նախագահի ելույթը գնահատում եմ երկրի հիմնական մարտահրավերները թողած՝ անձնական վիրավորանքների հավաքածու», - ասել է Ստեփան Մարգարյանը:
Էլինար Վարդանյան․ - «Ավելի չկշռադատված, ավելի անհավասարակշիռ և ընդհանրապես նախագահին ոչ հարիր ելույթ ես երևի թե մինչ այժմ չէի լսել»:
Վարդան Օսկանյան․ - «Սկզբից մինչև վերջ հակասահմանադրական ելույթ էր: Համոզմունքը ունեի և առավել ամրագրվեց, որ իշխող կուսակցությունը Հայաստան երկրին վերաբերվում է որպես իրենց համար մի տարածք, որտեղ ինչ ուզենան, կանեն»:
Կարծիք է հայտնել նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը․ - «Գիտենք, որ նա չընտրված նախագահ ա: Էս ժողովուրդը էդ ժամանակ ստորացված ա դառնում․․․ Ինքը իրա բերանով ասեց, չէ՞՝ ինչքան ուզենք, էնքան էլ կխփենք: Մեր ժողովրդի արտագաղթի պատճառներից հիմնականը էն ա, որ ժողովուրդը իրան բարոյալքված ա զգում և անտեր ա զգում»: