Դավութօղլու․ «Ադրբեջանական թեկուզ մեկ շրջան»՝ սահմանը բացելու դիմաց

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, հունվար, 2015թ․

«Ադրբեջանական օկուպացված թեկուզ մեկ շրջան» ազատելու դեպքում Թուրքիան «կարող էր բացել» Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիայում ապրող հայերը երկրի մի մասն են և չպետք է տուժեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների պատճառով:

Թուրքիան նպատակադրված է լուծել հայերի հետ հիմնախնդիրները, ասել է երկրի վարչապետը, վստահեցնելով, թե Չանաքկալեի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունները «քաղաքական երանգավորում չունեն»:

Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան հիշյալ ճակատամարտի 100-ամյակը պատրաստվում է տոնել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է այդ միջոցառումներին մասնակցելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերը: