Ժամանակն է Հայաստանի քաղաքական դաշտը բյուրեղացնել․ Աշոտյան

Արմեն Աշոտյան, արխիվ

Ժամանակն է Հայաստանի քաղաքական դաշտը պարզեցնել, բյուրեղացնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, թողնել այն մարդկանց, ովքեր հասկանում են՝ ինչ է քաղաքականությունը, թողնել այն մարդկանց, ովքեր կարող են վաղը, մյուս օրը երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել, ում տարրական կրթական ցենզը ներում է չլինել «Դոդի Գագո», այլ լինել «պարոն էսինչյան»: Հինգշաբթի երեկոյան իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նիստից և նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ուզում եմ ասել, որ սա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չէ միայն, սա Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի դիրքորոշումն է: Երկու հարյուր մարդ՝ տարբեր պաշտոնների, տարբեր ճանապարհ անցած, որոնց միավորում է միևնույն քաղաքական ընտանիքը, տվել են միասնական գնահատական այն ամենին, ինչը շաղախված է շանտաժով, այն ամենին, ինչը շաղախված է տգիտությամբ, այն ամենին, ինչը շաղախված է փուչ ելույթներով և դատարկամտությամբ», - ասաց Աշոտյանը:

Հարցին՝ արդյոք Հանրապետականում մականունավորներ չկա՞ն, օրինակ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀԿ-ի փոխնախագահն արձագանքեց․ - «Դուք երբևէ տեսե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում այս կամ այն մականունը օգտագործելուց դուք՝ լրագրողներդ խուսափեք: Ամեն դեպքում, իրենք կուսակցություն չեն ղեկավարում, իրենց չեն սնում տարբեր քաղաքական շրջանակներ, տեքստեր, որոնք իրենք արտասանում են առանց հասկանալու, հետո հորանջում, քնում են: Իրենք չեն սպասարկում տարբեր մարդկանց քաղաքական շահերը: Ուրեմն՝ Ծառուկյան Գագիկի մակարդակը մեր մարզպետի մակարդակն է, գոնե այդպես»:

Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք նո՞ր են իմացել Գագիկ Ծառուկյանի «չմուծված միլիարդավոր դրամ հարկերի» մասին, Աշոտյանը հակադարձեց, որ իրենք ոչ մի բան նոր չեն իմացել:

«Եթե ուշադիր ծանոթացել եք նախագահի տեքստին, նախագահը իր ելույթում շեշտեց, որ վերցնում է իր վրա մեղքի այն պատասխանատվությունը, որը կապված է նրա հետ, որ եղել ենք չափազանց և չափից դուրս հանդուրժողական, չափից երկար ենք եղել հանդուրժողական: Եղել ենք հանդուրժողական՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարծել ենք, որ մեր քաղաքականա-մանկավարժական գործունեությունը կբերի արդյունքի, և մարդիկ կփորձեն գոնե այս տարիների ընթացքում լրացնել տարրական գիտելիքների այն բացը, որ ցուցաբերում են բացարձակ տգիտությամբ բոլոր հարթակներում», - ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իր անձնական համբերության բաժակը վաղուց էր լցվել, իսկ այսօր լցվեց նաև կուսակցության համբերության բաժակը:

«Ազատության» հարցին, թե արդյոք նախագահի այս ելույթը չի՞ կարող որպես ճնշում դիտարկվել «Բարգավաճ Հայաստան»-ի և դրա ղեկավարի վրա, ՀՀԿ-ի փոխնախագահն արձագանքեց․ - «Երբ որ Գագիկ Ծառուկյանը իր համաժողովին ասում էր, թե ավելորդ խոսք կասեք և ես կհեղեղեմ փողոցները մարդկանցով, դա ճնշո՞ւմ էր, թե չէ՞»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որպես նախկինում նախագահի աշխատակազմի իշխանական պրոյեկտ, դա ո՞վ չգիտի, դուք 2006-2007 թվականները չգիտե՞ք: Որպես պրոյեկտ, որի նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը և այդ պրոյեկտի շրջանակներում ապահովել այժմ արդեն երկրորդ՝ նախկին նախագահի ներկայությունը Հայաստանի քաղաքական ներկապնակում: Բայց մի կարևոր տարբերություն կա Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է», - ասաց Հանրապետականի փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: