Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» է համարում

Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում այսօր իշխող կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն է հնչեցրել իր երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հասցեին՝ ասելով, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»։ Սարգսյանը հայտարարել է, որ իր հրամանագրով այսօր Ծառուկյանը կազատվի Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

«Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,- ասել է Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ Ծառուկյանը 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից մասնակցել է միայն 4-ին.- «Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը»։

Սերժ Սարգսյանը հորդորել է վարչապետին ստուգումներ իրականացնել «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու լուրերի առնչությամբ։

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել է նա։

Ըստ ՀՀԿ նախագահի՝ «շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը».- «Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»։

«Ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գործարար, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Քաղաքական դաշտի մաքրման մասին

Սերժ Սարգսյանը ակնհայտ հեգնանքով է խոսել Ծառուկյանի՝ ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ ունեցած ելույթի մասին, որում ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր հանրահավաքային պայքարը վերսկսելու մտադրության մասին։

«Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան։ Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում: Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ, այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր»,- ասել է նա՝ խոսելով «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին։

«Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել: Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից»,- ասել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նաև հայտարարել է, որ «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք», ու դա բնական է համարել.- «Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են»։

Սխալներն ուղղելու մասին

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ողբերգություն և զավեշտ է այն, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի:

«Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»,- ասել է նա։

Երկրի նախագահը այնուհետև հանդես է եկել յուրահատուկ «խոստովանությամբ»՝ ասելով, թե ընդունում է ստեղծված իրավիճակում մեղքի իր բաժինը և շտապել հավելել, որ պետք է արագ, մինչև վերջ և հստակ ուղղել իր սխալը։

«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը»։

Սահմանադրական բարեփոխումների մասին

Հանրապետականի խորհրդի անդամների առջև ունեցած ելույթի ընթացքում կուսակցության ղեկավարը անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, որոնց ընդդիմանում է Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը»։ Սարգսյանը աել է, որ բարեփոխումների հայեցակարգը վաղուց պատրաստ է և իր սեղանին է։

«Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ»,- ասել է Սարգսյանը՝ աբսուրդ համարելով ընդդիմադիրների այն պնդումները, թե այդ բարեփոխումները լոկ ծառայելու են իշխանության վերարտադրմանը։

«Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ: Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:

Սերժ Սարգսյանը պնդել է, որ սահմանադրական բարեփոխումները պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները.- «Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք»։