Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո բողոքի ակցիաներին մասնակցած 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։
Սառնաղբյուրցի երիտասարդը մեղադրվում է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Եթե մեղադրանքն ապացուցվի, նրան սպառնում է 4-7 տարվա ազատազրկում։
Երիտասարդի փաստաբան Հայկ Հարությունյանը պնդում է՝ մեղադրանքն անհիմն է։
«Մեղադրանքից այնպիսի տպավորություն է ստացվում, որ այդ ժամանակ Մնացականն է եղել այդտեղ, մյուսները բոլորը հանգիստ են եղել, Մնացականն էլ խաթարել է բնակչության հանգիստը, խաթարել է երթևեկությունը... ոչինչ չի ասվում, թե ինչից ինչ է սկսվել, ինչ է կատարվել։ Եթե մեղադրում եք, ուրեմն մեղադրելու եք բոլորին, ասենք, հազար հոգուն, եթե չէ ես չգիտեմ՝ ինչպես հասկանալ սա»,- ասաց Հարությունյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, առաջադրված մեղադրանքի համաձայն, երիտասարդը հունվարի 15-ին Գյումրիում կայացած բողոքի ակցիայի ժամանակ հայհոյել է ոստիկաններին, նրանց ուղղությամբ քարեր նետել, ինչպես նաև ոտքերով և ձեռքերով հարվածել ոստիկանական ավտոմեքենաներին ու վահաններին և ի վերջո մեկ ժամ շարունակ խանգարել հանրության անդորրը։
Փաստաբանը նշեց, որ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց, սպասում են գործի քննության ավարտին՝ հույս ունենալով, որ մեղադրանքը կհանվի։
«Մենք դիրքորոշում չենք հայտնել, դեռ ուղղակի մեղադրանք է առաջադրված, կարող է հետագայում փոխվել, նախաքննությունը դեռ ավարտված չէ»,- ասաց փաստաբանը։
Մնացականի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց, թե հույս ունի, որ որդին կարդարացվի.- «Իրավապահ մարմինները ամբողջությամբ կպարզեն հանգամանքները, ես հավատում եմ՝ իմ որդին անպայման կարդարացվի։ Հենց այս պահին ես միայն դա եմ մտածում, որ ազատ արձակվեց, չձերբակալվեց։ Ես խոստացել էի, որ ցանկացած պահի կներկայանա, թող իրավապահ մարմինները իրենց հետաքննությունը շարունակեն, իրենց գործը կատարեն»։
Իրավապահները գյումրեցիների պահանջը մինչ օրս չեն կատարել, փոխարենը քրեական գործ հարուցեցին բողոքի ակցիաների անցկացման համար խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Առաջին կասկածյալը սառնաղբյուրցի երիտասարդն էր, ում իրավապահները նախ ազատազրկեցին, ապա հասարակական ընդզվման արդյունքում փոխեցին խափանման միջոցը՝ ստորագրությամբ նրան ազատ արձակելով։
Մեկ շաբաթ անց էլ, փաստորեն, Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց երիտասարդին։ Հարազատները մինչդեռ շարունակում են պդնել, որ այդ օրը Մնացականը ոչ թե խուլիգանություն է արել, այլ կանգնելով ոստիկանության ու ցուցարարների մեջտեղում՝ փորձել էհանդարտեցնել կողմերին։
Ակցիաների ակտիվ մասնակից, Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն «Ազատության» հետ զրույցում ևս պնդեց՝երիտասարդի նկատմամբ մեղադրանք չպետք է առաջադրեին, իրականում ապացույցներ չունեն։
«Սա պատանդ պահելու՝ ռեժիմներին հատուկ մեխանիզմ է։ Աշխարհում, որտեղ կան այսպիսի մերձավտորիտար կամ ավտորիատար ռեժիմներ, սա հնարք է, պահում են։ Եթե մի քիչ էլ շարունակեցին, իսկապես ավելի է սրվելու, և մարդիկ էլի սկսելու են դուրս գալ փողոց՝ իրենց պահանջները ներկայացնելու»,- ասաց Բարսեղյանը։
Նա պնդում է՝ ցույցի մասնակիցներն այդ օրը ստիպված են եղել դիմել ինքնապաշտպանական քայլերի.- «Ասում են, որ տեսագրության մեջ ինչ-որ մի կադր կա, որտեղ երիտասարդը քար է շպրտում։ Չպաշտպանվե՞ր ձեր ոստիկաններից, խաղաղ ցուցարարի վրա հարձակվող, ոստիկանական հանդերձանքով, անհայտ ծագման մարդկանցից չպաշտպանվե՞ր... պաշտպանվել են մարդիկ։ Ասում են՝ տարածքի բնակիչների անդորրը խանգարել եք։ Գոնե մի հատ դիմում ունե՞ք այդ բնակիչներից»,- հարցնում է Բարսեղյանը։
«Ասպարեզ» ակումբի ղեկավարը իրավապահներին հորդորում է չզայրացնել գյումրեցիներին.- «Իմ ասելիքը շատ հասարակ է՝ համը հանեցիք, նորից դուրս ենք գալիս փողոց։ Ես եմ այս անգամ փողոց մարդկանց, ամբողջ պատասխանատվությունը ես եմ ստանձնելու։ Էլի շատ մարդիկ կան, որոնք ինձ նման կասեն, որ «մենք ենք ստանձնում մարդկանց փողոց դուրս հանելու պատասխանատվությունը»։ Ինչքան շուտ թարգը տաք, այնքան լավ, Կոստանյան, Աղվան Հովսեփյան, Սերժիկ Սարգսյան, Վովա Գասպարյան, Գորիկ Հակոբյան»։