«Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խոչընդոտեցին «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթը դեպի Ստեփանակերտ, քանի որ առավել կարևորում են արգելել Սերժ Սարգսյանին քննադատողների մուտքը, քան Ղարաբաղի միջազգային հեղինակությունը», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
«Այս քսան տարիների ընթացքում մեզ չի հաջողվել պետություն ստեղծել, և այսօր կառավարման ղեկին մոտ գտնվող մարդիկ այնպիսի մարդիկ են, որոնք պետական չինովնիկ կոչվելուց հազար կիլոմետր հեռու են: Ավելի շատ այդ մարդիկ առաջնորդվում են գողական արժեքներով: Այսինքն, նրանք այդ տարածքը նայողներն են, այդ զոնը նայողներն են նրանք: Հանկարծ հայտնվում է մի ուժ, որ ուզում է մտնել այդ տարածք և իրենց տարածքում իրենց շեֆին փչացնի», - հայտարարեց նա:
Սեֆիլյանը պնդեց, որ իրենց կողմից սադրանք չի եղել․ - «Եթե նման բաներ են ասում, թող հրապարակեն իրենց մոտ եղած տեսանյութերը»:
Նմանություն տեսնելով Բերձորում տեղի ունեցածի, 2008-ի մարտի 1-ի ու 1988 թվականի սումգայիթյան ջարդերի միջև՝ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգողը հայտարարեց․ - «Ինձ հարվածելուց հետո մասսայական հարձակում է սկսվել բոլորի վրա տարբեր կողմերից՝ բլուրներից են իջել, ձորերից են բարձրացել․․․ լուրջ օպերացիա էր: Նարկոտիկի ազդեցության տակ, ալկոհոլի ազդեցության տակ, ես ուղղակի բուրմունքը երկու մետրից առել եմ: Իրենք նույնիսկ կոնտրոլից դուրս էին, քարերը վերցնում էին և շպրտում էին մեքենաների վրա»:
«Ինչ վերաբերում է, թե Ղարաբաղում ճակատ է, ամբողջ Հայաստա՛նն է ճակատ: Երևանը ավելի մոտ է սահմանին, քան Բերձորը: Այսօր Նախիջևանից հանգիստ կարող են «Սմերչով» ռմբակոծել Երևանը», - ասաց ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշիի առանձնակի գումարտակը ղեկավարած Սեֆիլյանը և շարունակեց․ - «Ինչ վերաբերում է, թե ինչու էինք գնում, լավ էինք անում, որ գնում էինք: Ու էլի ենք գնալու: Ոչ ոք մեզ չի կարող իր կամքը թելադրել: Մենք ենք որոշում ինչ անենք»:
Սեֆիլյանի խոսքով, իրավիճակը օրհասական է, և Ստեփանակերտ մեկնելու նպատակը ժողովրդին իրազեկելն էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Լեռնային Ղարաբաղը հայտնվել է օդում, անորոշ կարգավիճակում, որի հետևանքն է լինելու Ղարաբաղի կորուստը:
«Բոլորդ տեսնում եք, որ 1920-ական թվականներին նույնանման օրեր ենք ապրում, ռուս-թուրքական նոր սիրավեպի արդյունքում պատմությունը կրկնելու վտանգի առջև ենք կանգնած», - հայտարարեց նա: - «Եթե մենք առաջիկա ժամանակներում, շուտ փոփոխություններ չանենք, ամիսներ հետո, նույնիսկ տարեվերջը չեմ ասում, ամիսներ հետո մենք արդեն ի վիճակի չենք լինելու: Եվ այս քաղաքական խավը ասելու է, որ, ժողովուրդ, չկարողացանք, մենք ունակ չենք պետություն լինելու, եկեք Արցախը հանձնենք ռուսական զորքերին, իսկ մենք մտնենք Ռուսաստանի կազմը: Սա է լինելու սերժսարգսյանների կողմից նախապատրաստվելիք հայտարարությունը»:
Ի դեպ, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ դեռ անցած դեկտեմբերին Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպումը՝ Սեֆիլյանը ասաց, որ Բակո Սահակյանը մեծ ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղն այդպես էլ չի կարողացել անդամակցել ԵՏՄ-ին․ - «Մեզ ասում է՝ մենք երազում էինք, որ մտնելու ենք ԵՏՄ: Եվ իրենք խառնված էին այն իմաստով, որ ՀՀ-ն կարողացել է ԵՏՄ մտնել, և Արցախը չի կարողացել: Ապա այս օրերին իրենց հնարքներ են ման գալիս, թե ինչպես կարողանան մտնել իրենք ևս ԵՏՄ»:
Սեֆիլյանը տպավորված էր նաև այդ հանդիպման ժամանակ Ղարաբաղի պաշտոնյաների մոտ տեսած վախից ու քծնանքից․ - «Արթուր Աղաբեկյանը գովաբանում էր Սաշիկին՝ Սերժիկի Սաշիկիին: Պատկերացնո՞ւմ եք, տասը րոպե գովաբանում էր․․․ Նա ինչպիսի մեծ ներդրում է կատարում»:
Ժիրայր Սեֆիլյանը վստահեցրեց, որ «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը ապրիլի 24-ին անցկացնելու է այնպիսի ակցիաներ, որոնք չեն խաթարելու Հայաստանում նախատեսված որևէ միջոցառում: Ինչ վերաբերում է ոչ-իշխանական եռյակի հետ համագործակցությանը, ասաց․ - «Այդ կեղծ ընդդիմության պրոցեսից մենք շուտվանից դուրս ենք և երբեք այդ կեղծ գործունեությամբ զբաղվողը չենք»:
Սեֆիլյանը հայտնեց, որ բերձորյան միջադեպից հետո Ղարաբաղի իշխանությունները նախկին մի բարձրաստիճան պաշտոնյայի են ուղարկել իր մոտ՝ խնդրելով լուծումներ առաջարկել ստեղծված վիճակից դուրս գալու համար․ - «Ես պատասխանել եմ, որ մենք այժմ լուծում չունենք: Դուք փորձեք գտնել լուծումը»: