Բանակում գրանցվել է ևս մեկ մահվան դեպք

Your browser doesn’t support HTML5

Հայկական Զինված ուժերում գրանցվել է մահվան հերթական դեպքը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղարաբաղի զորամասերից մեկում մարտական հերթապահության ժամանակ զոհվել է վանաձորցի ավագ լեյտենանտ, 24-ամյա Տիգրան Սիմոնյանը։

Պաշտոնական հաղորդագրությունը փոխանցում է, որ հարուցվել է քրեական գործ ՝ «մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու» հատկանիշով:

Քննչական կոմիտեն դեռևս չի հաղորդում, թե կոնկրետ ինչպես է մահացել զինվորը՝ ի՞նքն է խախտել կանոնները, թե՞ դա արել են նրա ծառայակիցները։ Հաղորդվում է միայն, որ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեպքի բոլոր մանրամասները։

Այս հոդվածը, ըստ իրավապաշտպանների, առաջադրվում է այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը փորձում է թաքցնել հանցագործությունն ու մեղքը գցում է զենքի հետ անզգույշ վարվելու կամ ծառայության կանոնները խախտելու վրա։

«Անցած տարիների մահվան դեպքերի նախաքննությունն է նման եզրահանգման բերել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ շարունակելով․ - «Նման բնույթի հոդվածի առաջադրումը արդեն իսկ վկայում է, որ տեղի է ունեցել սպանություն, որովհետև մարտական հերթապահության կանոնների խախտւոմը չպետք է բերեր մահվան դեպքի: Քանի որ հրազենի հետևանքով է մահվան դեպքը եղել, պետք էր անպայման քրեական գործը հարուցվեր սպանության հոդվածով»:

Չբացառելով նախաքննության առաջ քաշած վարկածը՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծում է, որ առաջադրելով ծառայության կանոնները խախտելու հոդված՝ նախաքննական մարմինը չի քննում սպանության վարկածը: Տասնյակ դեպքերի ուսումնասիրությունից հետո Մարտիրոսյանը միայն մեկ դեպք է մատնանշում, երբ նախաքննական մարմինը ծառայության կանոնները խախտելու հոդվածը վերաորակավորել է՝ դարձնելով սպանություն․ - «Այս հոդվածները դնում են և դրա ձևաչափով կատարում են հանցավոր կեղծ քննություն, որպեսզի փաստերը կոծկեն և իրենց քննությունը համապատասխանեցնեն այս հեքիաթին: Բայց ի՞նչ կապ ունի այդ հոդվածը․․․ զինվորին սպանել են․․․ Պետք է դրվի սպանության հոդված: Սա ոչ թե պատահականություն է, այլ արդեն դարձել է օրինաչափություն: Սա կործանում է Հայոց բանակը, վտանգում է հայոց պետականությունը: Մենք սրանով խարխլում ենք Հայոց բանակը: Արդարադատություն չի իրականացվում Հայաստանում»:

Իրավապաշտպանները նշում են, որ կառավարության խոստումները զինված ուժերում առայժմ շատ բան չեն փոխել։ Սաքունցը վկայակոչում է անցած 2 շաբաթվա ընթացքում խաղաղ պայմաններում արձանագրված մահվան 2 դեպքերը․ - «Համակարգը ուղղակի ինքը արդեն չի կարողանում ապահովել այնպիսի վիճակ, որ մարդը պաշտպանված լինի, նույնիսկ զինված ուժերում»:

Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկումներով միայն 2014 թվականին բանակում խաղաղ պայմաններում 20 զինվոր է մահացել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե ջոկատի հրամանատար Տիգրան Սիմոնյանը զոհվել է հայկական կողմի իրականացրած դիվերսիաների հետևանքով:

Հայաստանի ռազմական գերատեսչությունում «առնվազն ծիծաղելի էժանագին հնարք» են որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունը:

Նշենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների բողոքի ակցիան այսօր նախագահական նստավայրի առջև ավարտվել է քաշքշոցով՝ ոստիկանները թույլ չեն տվել ծնողներին կանգնել նախագահականի դարպասների առջև և մայրերին քաշքշելով՝ բռնի ուժով տեղափոխել են մյուս մայթ։

Մայրերը նախագահական նստավայր էին եկել՝ Սերժ Սարգսյանին ամիսներ առաջ հղած իրենց նամակի պատասխանը ստանալու։