Թբիլիսին փորձում է լուծել վիրահայերի քաղաքացիության հետ կապված խնդիրները

Վրաստան - Տեսարան Ախալքալաքից, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին այս ամիս այցելելու է Հայաստան, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:

Ըստ վրացական ինտերնետային պարբերականի՝ այցը նախատեսված էր փետրվարի 1-ին, բայց հետաձգվել է Ուսուպաշվիլիի հիվանդության պատճառով:

Վերջին մեկ-երկու օրերին Վրաստանի պաշտոնյաները հանդիպումներ են ունենում վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և տեղական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպել են երկրի կրթության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարները: Հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են քաղաքացիական ինտեգրման և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստին, նրանց ընդունել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը մասնակցած «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ շատ հետաքրքիր քննարկում է անցկացվել, մի շարք հարցեր են բարձրացվել, մասնավորապես՝ Վրաստանի քաղաքացիությունից զրկված մարդկանց խնդիրը:

Այս խնդիրը առաջացել է անցյալ տարվա սեպտեմբերից, երբ Վրաստանում ուժի մեջ մտավ օտարերկրացիներին վիզա տրամադրելու նոր կարգը: Բանն այն է, որ հատկապես Ախալքալաքի շրջանի հայերը, որոնց մեջ մեծ թիվ են կազմում Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները, Ռուսաստանում առանց խնդիրների մնալու, աշխատելու համար ձեռք են բերում Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն և արդյունքում զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից: Փաստորեն, Վրաստանի բնակիչը դառնում է օտարերկրացի և հայրենիքում, իր տանը մնալու համար հետո արդեն վիզային կարգավորումների կարիք է ունենում:

Առնոլդ Ստեփանյանի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը կողմերը համաձայնել են, որ դա անհարմարություններ է ստեղծում վրացահայ քաղաքացիների կամ նախկին քաղաքացիների համար, և պետք է այնպիսի լուծում գտնել, որ մարդիկ կարողանան ապրել իրենց տանը:

«Որքան մենք հասկացանք՝ իշխանությունները հիմա աշխատում են այդ խնդիրը լուծելու ուղղությամբ: Հավանաբար մոտ ապագայում մենք կտեսնենք հարցի լուծումը», - ասաց «Բազմազգ Վրաստան»-ի ղեկավարը: