Միլլեր․ «Թուրքական հոսք»-ի առաջին փուլը կավարտվի 2016-ի վերջին

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլեր, արխիվ

«Գազպրոմ»-ի օրակարգում այս նախագիծը վերջին շրջանում առանցքային կարևորություն է ստացել:

«Հարավային հոսք» գազատարի տապալված նախագիծը փոխարինելու եկած «Թուրքական հոսք»-ի շինարարության առաջին փուլը կավարտվի մոտ մեկուկես տարի հետո: Այս մասին օրերս Թուրքիա այցի ընթացքում հայտարարեց ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Ժամկետները, որ մենք նախանշել ենք, հետևյալն են․ առաջին գազատար խողովակի շինարարությունը նախատեսվում է ավարտել արդեն 2016-ի տարեվերջին», - հայտարարեց «Գազպրոմ»-ի ղեկավարը:

Ուշագրավ է, որ գազատարի ցամաքային հատվածի երթուղին «Գազպրոմ»-ի նախագահն ու Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հստակեցրեցին օդում` Թուրքիայի եվրոպական հատվածն ուսումնասիրելով ուղղաթիռի պատուհանից:

«Այսօր ես և պարոն Ալեքսեյ Միլլերը մոտ չորս ժամ շարունակ ուղղաթիռով պտտվեցինք ողջ Թրակիայի օդային տարածքով` ուսումնասիրելով գազատարի ցամաքային հատվածի հնարավոր երթուղիները: Հենց այդ ուղևորության ընթացքում էլ որոշում կայացվեց, թե հատկապես որ շրջաններում է կառուցվելու Ռուսաստանից դեպի Հարավային Եվրոպա գնացող այս խողովակաշարը», - հայտարարում էր Թուրքիայի էներգետիկայի նախարարը:

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնելու Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» կոմպրեսորային կայանից, հետագայում այն կանցնի Սև ծովի հատակով և թուրքական ափ դուրս կգա Քայաքյոյ բնակավայրի մոտ: Գազատարի ցամաքային հատվածի ընդհանուր երկարությունը կազմելու է 180 կիլոմետր: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս կգա Հունաստանին սահմանակից շրջան` Էփսիլի քաղաքի մոտ:

Խողովակաշարի կառուցման ընթացքում, ի դեպ, «Գազպրոմ»-ը խոստանում է հաշվի առնել Թուրքիայում, մասնավորաբար՝ Ստամբուլին հարակից շրջաններում գազի պահանջարկի վերջին տարիներին նկատվող թռիչքաձև աճը: Դա է պատճառը, որ «Թուրքական հոսք»-ի ընդհանուր տարեկան հզորությունը կկազմի 63 միլիարդ խորանարդ մետր գազ: Դրանից 50 միլիարդը կմատակարարվի թուրք - հունական սահման` հետագայում Հարավային Եվրոպա արտահանելու նպատակով:

«Գազպրոմ»-ի օրակարգում այս նախագիծը վերջին շրջանում առանցքային կարևորություն է ստացել, ինչը պատահական չէ․ Թուրքիան «Գազպրոմ»-ի՝ մեծությամբ երկրորդ շուկան է Գերմանիայից հետո: