ՀՀԿ-ի գործադիր մարմինը պաշտոնանկությունների հարց չի քննարկել

Your browser doesn’t support HTML5

Այնուհանդերձ, իշխող կուսակցության խոսնակի հավաստմամբ, բարձրաստիճան հանրապետականները՝ նախագահի գլխավորությամբ, երեկ մի շարք կարևոր հարցեր քննարկել են:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) օրակարգում պաշտոնանկությունների հարց չկա, «Ազատության» հարցին ի պատասխան այդ մասին երեկ ուշ երեկոյան ժամեր տևած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ խոսնակը նաև ասաց, որ կարևոր հարցեր են քննարկել, մինչդեռ նոր նշանակումների հարց օրակարգում չի եղել։ Ճշտող հարցին էլ, թե վերջին միջադեպերի ֆոնին գո՞հ են արդյոք ոստիկանապետի աշխատանքից, նա այսպես արձագանքեց։

«Եթե Հայաստանում կա մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա, դրանցից մեկ Վլադիմիր Գասպարյանն է», - ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքին, Շարմազանովը հայտարարեց, որ իրենք դեմ են ցանկացած բռնության, մինչդեռ չեն ընդունում նաև ԲՀԿ-ի կողմից իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն ու վստահ են, որ նման ձևով քաղաքական պայքար տանելն անընդունելի է։

Հանրապետականի խոսնակը նաև պնդեց, որ միջադեպն իրենց շահերից չի բխում և դրանում իրենց ձեռագիրը չկա։

«Մենք անթույլատրելի ենք համարում մեր որոշ գործընկերների էմոցիոնալ, իրականությունից կտրված, դեմագոգիկ և պոպուլիստական հայտարարություններ, որոնց համար, կարծում եմ, իրենք, երբ որ սթափ դատողության տիրույթում հայտնվեն, միգուցե ամաչեն», - ասաց ՀՀԿ-ի խոսնակը՝ հավելելով․ - «Ես գտնում եմ, որ բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, և որևէ մեկը իրավունք չունի իր գործընկերներին՝ անկախ, թե որ դաշտում է գործում՝ իշխանություն, թե ընդդիմություն, մեղադրանքներ հնչեցնել»:

Երեկ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժի հայտարարությունը քննադատելուց հետո լրագրողների հետ շփումից խուսափեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով սովորաբար կառավարության շենքից ոտքով է գալիս հարևանությամբ գտնվող ՀՀԿ գրասենյակ և ճանապարհին պատասխանում լրագրողների հարցերին։ Այս անգամ մինչդեռ, վարչապետը մեքենայով եկավ։

Ավելի վաղ հանրապետական Գալուստ Սահակյանն էլ քննադատել էր Գագիկ Ծառուկյանի՝ համաժողովին ունեցած ելույթը և ասել, որ դրանում Ծառուկյանը ինքն իրեն հակասում էր։ Սահակյանը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ առաջնորդի ելույթը կքննարկեն իրենց կուսակցության գործադիր մարմնի առաջիկա նիստում։

Երեկվա նիստը Ծառուկյանի ելույթից հետո առաջինն էր: Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե քննարկե՞լ են արդյոք ԲՀԿ առաջնորդի քննադատական ելույթը, թե՞ ոչ։

Միայն ասաց, որ հինգշաբթի կուսակցության խորհրդի նիստ են հրավիրել, որից հետո մի շարք կարևոր հարցերի կպատասխանեն։ Դրա անհրաժեշտությունը, ըստ ՀՀԿ խոսնակի, կա, քանի որ 200 անդամից բաղկացած խորհուրդը կուսակցության գլխավոր մարմինն է։

«Ազատության» այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ինչ-որ հատուկ հարց է քննարկվելու, որ խորհրդի նիստ է հրավիրվում, Շարմազանովը խորհուրդ տվեց «դանդաղ շտապել»՝ հավելելով, որ «բոլոր հարցերի պատասխանները հինգշաբթի կլինեն»: