Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների թիվը հասել է 15-ի

Առողջապահության նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, վարակվածների թիվը մինչև մայիս կարող է զգալիորեն աճել:

Չորս ամիս առաջ Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվածների թիվն արդեն հասել է 15-ի: Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ հետազոտել են նախորդ տարվա ընթացքում հիվանդանոցում վիրահատվածներից 70 հոգու և եկել այն եզրահանգմանը, որ վարակվածների թիվը մինչև մայիս կարող է զգալիորեն աճել:

Հիվանդանոցի գլխավոր պատասխանատուն՝ Վարդան Ավագյանը չորս ամիս է՝ անհասանելի է թե՛ լրագրողների, և թե՛ նախարարության համար: Դեռևս սեպտեմբերին վերապատրաստման գործուղված տնօրենը, ըստ նախարարության ներկայացուցիչ Ծաղիկ Վարդանյանի, մինչ օրս Հայաստան չի վերադարձել:

«Լուրջ դեպք է տեղի ունեցել, ես ընդունում եմ, սեպտեմբերի ամսից նա դիմել է մարզպետարան և խնդրել որպեսզի իրեն թույլ տան, որ ինքը վերպատրաստվի արտերկրում։ Նշանակվել է նոր տնօրեն, և, ես ասեմ, որ նշանակումը կատարվում է մրցութային կարգով, հետո արդեն մարզպետի կարգադրությունն է լինում», - ասաց Վարդանյանը։

Հիվանդանոցը գործում է Սյունիքի մարզպետարանի ենթակայության տակ։ Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում հերքեց նախարարության պաշտոնյայի ասածը, թե տնօրենը քաղաքում չէ:

«Տենց չի, որ ինքը չկա, ճիշտ չեն ասում, ինքն այստեղ է հարցաքննություններին էլ մասնակցում է, ինքը Հայաստանում է, վերապատրաստումից եկել է, արձակուրդում էր, արձակուրդն էլ ավարտվել է, ճիշտ է, ինք դիմումը գրել ազատվել է գործից, բայց ինքը մարզի տարածքում է և ամեն ինչին էլ մասնակցում է։ Գիտեմ, որ թանկարժեք բուժում է, մարզպետարանը հիմա ֆինանսներ չունի, բայց, եթե դրա կարիքը լինի, ես ինքնս բուժման ծախսերն ինձ վրա կվերցնեմ» , - ասաց Սուրիկ Խաչատրյանը։

Կույրաղիքի ցավերի սուր նոպայով Քաջարանի հիվանդանոց տեղափոխված 26-ամյա Մարինե Մկրտչյանը հիվանդանոցից առողջ դուրս գրվելու փոխարեն, սուր հեպատիտ C-ով վարակված տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Այս հիվանդության բուժման համար, պաշտոնական տվյալներով, հարկավոր է 5 հազարից 20 հազար դոլար: Մարինեի ամուսինը՝ Կարեն Հայրապետյանն ասաց, որ այս պահին կնոջ բուժումը շարունակվում է տնային պայմաններում, դեղի մեկ սրվակն արժե շուրջ 100 հազար դրամ: Տանը բուժվող հիվանդի դեղերը ընտանիքը ստիպված է սեփական միջոցներով գնել: Զարմանում է, որ շքեղ վերանորոգված ու տեխնիկապես վերազինված հիվանդանոցում կարող էր մի քանի տասնյակ մարդ վարակվել հեպատիտ C-ով:

Մամուլում տարածված լուրերի համաձայն, Քաջարանի հիվանդանոցի տնօրենը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի եղբայրն է: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են լուրեր տարածվել, թե տնօրենի հովանավորը հենց ինքն է:

«Տնօրենի, եթե հովանավորը լինեի էսօր ինքն էլ կաշխատեր։ Ես դա ավելի խստագույնս եմ դատապարտում, բայց հիմա չեմ ուզում ասեմ՝ ում եմ դատապարտում, նապաստակի պատմությունը չանենք էլի՝ մինչև հաշվելը, չկտրենք, հաշվենք հետո կտրենք», - ասաց Խաչատրյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ հիմքով է տնօրենին ազատել աշխատանքից, և ո՞րն է երաշխիքը, որ չի օգտագործի իր լծակները նրան քրեական պատասխանատվությունից փրկելու համար, Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանն այսպես արձագանքեց. - «Ջահել մարդ ես, քեզ մի քիչ բարի պահի»։

Առողջանալու նպատակով հիվանդանոց մտած տասնյակ քաղաքացիներ, ովքեր դուրս են եկել այնտեղից սուր հետապտիտով, առաջնային բուժումը ստացել են պետպատվերի շրջանակում։

Պաշտոնական հայտարարության համաձայն, դեպքը տեղի է ունեցել ստերիլիզացման կանոնները խախտելու հետևանքով, վարակազերծված չի եղել մի քանի բժշկական գործիք։

Ներհիվանդանոցային հիգիենան չպահպանելու համար նախարարությունն առ այսօր նկատողություն և կարգապահական տույժ չի կիրառել որևէ բուժաշխատողի նկատմամբ. սպասում են հարուցված քրեական գործի ավարտին: